Քաղաքականություն

ԱԳ նախարարությունը չի կարող ունենալ ինքնուրույն քաղաքականություն. Լևոն Տեր-Պետրոսյան

2 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարությունը չի կարող ունենալ ինքնուրույն քաղաքականություն. Լևոն Տեր-Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ արտաքին գործերի նախարարությունն առանձին ոչինչ չի կարող անել որևէ իշխանության օրոք, այն ընդամենը երկրի ղեկավարի հանձնարարություններ կատարող մարմին է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված մամուլի ասուլիսում Տեր-Պետրոսյանն այդ մասին խոսեց՝ անդրադառնալով ԱԳ նախարարի ու նրա տեղակալների հրաժարականներին:

«Արտաքին գործերի նախարարությունը չի կարող ունենալ ինքնուրույն քաղաքականություն: Ինչ թելադրում է Նիկոլ Փաշինյանը, դա են անում: Արեցին, տեսան, որ ընկնում են անհարմար վիճակի մեջ, դրա համար հրաժարականների շարան սկսվեց: Երբեք որևէ ԱԳ նախարարության չի կարելի մեղադրել: Կարելի է մեղադրել միայն այն դեպքում, եթե երկրի ղեկավարի հրահանգները սխալ է կատարում կամ չի կատարում»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հունիսի 7-ին տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Հունիսի 8-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել էր երեք փոխնախարարներին՝ Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին և Գագիկ Ղալաչյանին ազատելու որոշումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում