Հասարակական

Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

2 րոպեի ընթերցում

Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2021թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում՝ ք. Երևան, Բաբայան 6 հասցեում: Հանձնաժողովի առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 11-ին, ժամը 10:00-ին, հետագա նիստերը` ամեն շաբաթվա ուրբաթ օրերին, նույն ժամին:

«Դիմում-բողոքները կարելի է ներկայացնել աշխատանքային օրերին` այցելելով Հասարակական խորհուրդ, կամ՝ փոստով, «ք.Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ» նշումով: Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահին, նշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)` հետադարձ կապի համար: Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ տեղեկությունների և պարզաբանումների համար պետք է զանգահարել /010/ 200 307 հեռախոսահամարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում