Մշակույթ

«Պոետի խոստովանությունը». «Արմմոնո» փառատոնին ներկայացվեց Սերգեյ Եսենինի մասին պատմող բեմադրությունը

3 րոպեի ընթերցում

«Պոետի խոստովանությունը». «Արմմոնո» փառատոնին ներկայացվեց Սերգեյ Եսենինի մասին պատմող բեմադրությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս մեծ բանաստեղծ Սերգեյ Եսենինի մասին «Պոետի խոստովանությունը» ներկայացումը պատմում է գրողի՝ «Էնգլետեր» հյուրանոցում անցկացրած իր վերջին օրվա մասին, որտեղ պոետը միայնակ է իր մտքերի և հիշողությունների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արմմոնո» փառատոնի շրջանակում թատերասերները բեմադրությունը դիտելու հնարավորություն ունեցան հունիսի 6-ին Հայաստանի թատերական գործիչների միությունում:

Բեմադրիչ Սարգիս Շողունցը պատմում է, որ մոնոներկայացում բեմադրելու առաջարկն արել է դերասան Արման Մաթևոսյանը: «Համավարակի օրերին, երբ փակված էինք տանը, Արմանը հարցրեց, թե ինչով եմ զբաղված: Պատասխանեցի, որ ոչինչ չեմ անում: Նա առաջարկեց ներկայացում բեմադրել: Որոշեցինք այնպիսի բեմադրություն անել, որով հնարավոր լինի հյուրախաղերի մեկնել»,- նշում է Շողունցը:

Բեմադրիչն ու ռեժիսորը տարբեր հեղինակների, թեմաների մասին են մտածել, բայց որոշել են բեմից խոսել Եսենինի մասին:

Շողունցն ընդգծում է, որ Եսենինի բանաստեղծություններում հայրենասիրական շեշտադրումներն են շատ, ինչը կարևոր է, սակայն եթե ներկայացում բեմադրեր պատերազմից հետո, կանդրադառնար հայ հեղինակի: «Կարծում եմ՝ պատերազմից հետո բոլորս ինչ-որ չափով փոխվել ենք թե՛ բարոյապես, թե՛ գաղափարապես»,- նշում է բեմադրիչը:

Դերակատար Արման Մաթևոսյանի համար մոնոներկայացումը և՛ մենամարտ է, և՛ խոստովանություն: Դերասանն ասում է, որ բանակում ծառայելուց հետո, համավարակի օրերին և առհասարակ տարիների ընթացքում շատ բան է կուտակվել իր ներսում, ինչն անհրաժեշտ էր բարձրաձայնել, և դա արել են ներկայացման միջոցավ:

«Եսենինի գործերին ծանոթացել եմ վաղ հասակից: 14 տարկանից կարդացել եմ նրա բանաստեղծությունները, դիտել եմ նրա մասին պատմող գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր, նրկայացումներ: Ինձ դուր է գալիս նրա կերպարը, նրա ընդգծված անհատականությունը, նրա խոսքերը, բողոքները, սերը: Եսենինի տեսակը ինձ շատ ոգևորում է և օրինակ ծառայում»,- խոստովանում է Մաթևոսյանը:

«Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի մինչև հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում: «Արմմոնո»-ն տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու միջազգային թատերական իրողություններին:

Փառատոնը ուշադրությունը կբևեռի հայ հեղինակների գործերի վրա, աշխատանքներ կտանի Հայաստանի մարզային թատրոնների հետ՝ մոնոներկայացումների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ինքնարտահայտվելու հարթակ կտրամադրի երիտասարդ դերասաններին ու բեմադրիչներին։

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում