Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերով դիմելիությունը կտրուկ աճել է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվողч երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին դիմելիությունը 2021 թվականին կտրուկ աճել է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը: Ծրագիրն իրականացվում է 2020 թվականի հուլիսի 1-ից:

«Եթե խոսենք թվերով, ապա 2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ աջակցություն ստացել էր 414 շահառու, իսկ 2021 թվականի հունիսի 7-ի դրությամբ աջակցություն ստացել է 1043 շահառու: Նրանցից շուրջ 197-ը միանվագ աջակցության ծրագրով՝ շուրջ 155 մլն դրամ, 184-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով՝ շուրջ 12 մլն դրամ և 662 շահառու երեխայի ծննդյան աջակցության ծրագրով՝ շուրջ 595 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, վերջին տվյալների համաձայն, վճարվել է շուրջ 762 մլն դրամ, որից շուրջ 424 մլն դրամը՝ 2021 թվականին»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը:

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն իրականացվում են երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման նպատակով: Մասնավորապես, իրականացվում է 3 նպատակային ծրագիր: Առաջինը միանվագ դրամական աջակցության ծրագիրն է, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրում անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար: Երկրորդը կանխավճարի ապահովագրության ծրագիրն է, որի շրջանակում հատուցվում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարի 90 տոկոսը: Երրորդը երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն է, որի շրջանակում հիպոթեկային վարկ մարող ընտանիքում նոր երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է մայր գումարի մարմանը:

Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ ծրագրի ընթացքում շահառուների թվի ավելացմանը զուգահեռ պետությունն ավելացնում է նաև ֆինանսավորումը: Արդեն երկու անգամ այդպիսի որոշում կառավարությունն ընդունել է: 2021 թվականի պետական բյուջեով հաստատվել էր 526 մլն դրամ, որը դիմելիության տեմպերով պայմանավորված՝ չի բավականացնի: Առաջին եռամսյակի ժամանակ ծրագրի բյուջեն համալրվեց 70 մլն դրամով, երկրորդ եռամսյակի համար ևս 100 մլն դրամով բյուջեն ավելացվել է: Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ հաջորդ եռամսյակներին ևս նախատեսվում է ծրագրի բյուջեի համալրում:

«Չի եղել դեպք, որ նախարարությունը դիմի այս ծրագրի բյուջեի ֆինանսավորումն ավելացնելու համար և մերժվի: Կառավարությունը պատրաստակամ է այնպես անել, որ ծրագրի շահառուների թիվն ավելանա»,- ասաց Գայանե Ղարագյոզյանը:

Ծրագրին դիմելիության առումով ակտիվ է Երևանը, որին հաջորդում են Կոտայքը, Լոռին, Արարատը, Սյունիքը: Գայանե Ղարագյոզյանը նկատեց՝ պարտադիր չէ, որ ընտանիքը լինի բազմազավակ, նոր դիմի: Երեխաների կարգաթիվը միայն ազդում է աջակցության չափի վրա: Միանվագ դրամական աջակցության ծրագրի շրջանակում կարևոր է, որ ընտանիքը ունենա երկու անչփահաս երեխա: Երկու երեխայի դեպքում աջակցության չափը կազմում է անշարժ գույքի ձեռբերման արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ: Եթե այս դեպքում շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը, ապա աջակցությունն ավելացվում է ևս 30 տոկոսով: Երրորդ և հաջորդ երեխաների դեպքում աջակցությունն ավելացվում է ևս 5 տոկոսով, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամով:

Ապահովագրության կանխավճարի դեպքում երեխաների կարգաթիվը դեր չի խաղում: Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի դեպքում առաջին և երկրորդ երեխայի աջակցության պարագայում աջակցության առավելագույն շեմը կազմում է 500 հազար դրամ, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում առավելագույն շեմը կազմում է 2 մլն դրամ: Գայանե Ղարագյուզյանը տեղեկացրեց, որ միևնույն շահառուն կարող է երեք ծրագրերից էլ օգտվել, սակայն որոշակի ժամանակ անց: Միանվագ դրամական աջակցության և կանխվաճարի ապահովագրության ծրագրերի շրջանակում շահառուն, միաժամանակ օգտվելով երկու ծրագրից էլ, մեկ տարի անց ընտանիքում նոր երեխա ծնվելու դեպքում արդեն կարող է օգտվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրից:

«Ասեմ, որ դիմողների տարիքային շեմ սահմանված չէ, և այս ծրագրերի դեպքում արդիական չէ ընտանիքի երիտասարդ հանգամանքը: Մեր ծրագրերի համար անչափահաս երխաների առկայությունն է կարևոր՝ անկախ շահառուի տարիքից»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը