Մաթևոսյանի «Գոմեշը» Նարինե Գրիգորյանի մեկնաբանությամբ ներկայացվեց «Արմմոնո» փառատոնին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,6ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր, դերասանուհի,ՀՀվաստակավորարտիստուհի ՆարինեԳրիգորյանը «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում հունիսի 5-ին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում հանդիսատեսին ներկայացրեց Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Գրիգորյանը դեռ նախորդ տարի ներկայացումը խաղացել էր բացօթյա հարթակում: Դերասանուհին նշում է, որ, այն դահլիճում ներկայացնելով, շատ տարբեր ու հետաքրքիր զգացողություններ է ունեցել: Կատակում է՝ հավանաբար մի օր այդ մասին աշխատություն կգրի:
«Բաց տարածքում շատ էներգիա ես ծախսում. օդը, աղմուկը: Մարդիկ շատ բաներ են տեսնում, ինչը նրանց ուշադրությունը շեղում է, իսկ փակ հարթակում շահել է երաժշտությունը: Մյուս կողմից, բացօթյա հարթակում շատ համարձակ էի, ջուր էր պետք շաղ տալ, առանց վարանելու առատ շաղ էի տալիս և այլն, ասես բնությունն էր մեջս խոսում: Բնության հետ արթնանում էր ամեն բան: Բոլոր սանձերդ արձակ են»,-ասում է Գրիգորյանը:
Ներկայացման ձևավորումն իրականացրել է Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանը, ձայնային և երաժշտական ձևավորումը` Հայկ Իսրայելյանի, նկարիչ-դիմահարդարը Թամարա Բարոյանն է:
«Հրանտը լուսնալույսի մեջ մեռած շան մտածումն է վրձնել, ձիու է վրձնել, գայլի է վրձնել և տախի (ամորձատված խոզի), և Հրանտը մարդկանց է վրձնել` անհատականությունների, միավորների` արձակով, գրով, որ և որպիսին իրենից առաջ չկար: Նա ոչ թե գրել է նրանց կամ նրանց մասին, այլ հենց վրձնել է նրանց»,-ընդգծել է ռուս մեծանուն գրող Անդրեյ Բիտովը:
Ճիշտ նույնպես է Հրանտ Մաթևոսյանը պատմում «Գոմեշը» պատմությունը էգի, մայրացուի մասին, որ ճանապարհ է ընկնում ամբողջականանալու։
«Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնն անցկացվելու է մինչև հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում: «Արմմոնո»-ն տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու միջազգային թատերական իրողություններին:
Փառատոնը ուշադրությունը կբևեռի հայ հեղինակների գործերի վրա, աշխատանքներ կտանի Հայաստանի մարզային թատրոնների հետ՝ մոնոներկայացումների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև հարթակ կտրամադրի երիտասարդ դերասաններին ու բեմադրիչներին ինքնարտահայտվելու համար։
Անժելա Համբարձումյան