ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ակնկալում է, որ իր քաղաքական ուժը կստանա քաղաքացիների առնվազն 60 տոկոսի քվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնակատարը նման տեսակետ հայտնեց Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը:
«Եթե ուզում ենք, որ մեր երկիրը ոտքի կանգնի, եթե ուզում ենք, այդ խառնակիչներին փողոց դուրս գալու հնարավորություն չտանք, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 60 տոկոսի քվեն եմ ակնկալում հունիսի 20-ի ընտրություններում: Դուք գիտեք, որ երբ մենք ենք իշխանությունը, երբ ես եմ վարչապետը, երբ մեր թիմն է իշխանության, դուք ցանկացած պահի, ցանկացած ընտրությամբ կարող եք գնալ ձեզ համար նոր իշխանություն ընտրել, երբ ուզեք: Ես իմ ձեռքերը կկտրեմ, ձեր սրբազան քվեին, ձեր իրավունքին չեմ կպնի»,-ասաց Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ երբ ժողովուրդը ցանկանա փոխել իշխանությունը, կփոխի՝ առանց ծեծ ու ջարդի: Վարչապետի պաշտոնակատարի վստահեցմամբ՝ առնվազն 60 տոկոսի քվեն իրենց համար չեն ուզում, այլ քաղաքացիների համար, քաղաքացիների իրավունքի, իշխանության, վերահաստատման համար:
Նա վստահեցրեց, որ դա չի նշանակում, որ երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ առաջին հերթին անվտանգային մարտահրավերները չեն գիտակցում: «Մենք գիտակցում ենք: Եվ բոլորս պետք է իմանանք, որ դժվար ճանապարհ է մեզ սպասվում: Այս պատասխանատվությունից հետո ես իրավունք չունեմ ընդհանրապես ոչ մի հարցում սխալվելու»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ դրանով իր պատասխանատվությունն ավելի մեծանում է:
Հայաստանում արտահերթ խորհրդարանականն ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: