Հասարակական

Ադրբեջանցի զինծառայողները ցեղասպան քաղաքականության արդյունքում են հայտնվել մեր գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի զինծառայողները ցեղասպան քաղաքականության արդյունքում են հայտնվել մեր գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները ցեղասպան քաղաքականության արդյունքում են հայտնվել Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

«Ադրբեջանական զինված ուժերը, զինծառայողները հայտնվել են մեր գյուղերի հարևանությամբ, մեր ճանապարհներին՝ Սյունիքի համայնքները միավորող ճանապարհներին, Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ՝ ցեղասպան քաղաքականության արդյունքում և ուժի կիրառության սպառնալիքով»,-ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ կոպտորեն խախտվել են մարդկանց իրավունքները:

Նա շեշտեց, որ ցավոք, պատերազմից, զինված հարձակումների դադարից հետո էլ շարունակվում է թշնամանքի և ատելության քաղաքականությունը՝ ադրբեջանական իշխանությունների կողմից:

Արցախի ՄԻՊ-ն ու Հայաստանի ՄԻՊ-ը կարևոր աշխատանքներ են տանում՝ միջազգային կազմակերպություններին ցույց տալու, որ արցախցիների կյանքը վտանգված է: «Էքզիստենցիալ խնդիր է՝ այն թշնամանքի ու ատելության քաղաքականության պայմաններում, որ կա, ավելին՝ խոսքը վերաբերում է ցեղասպան քաղաքականության»,-ասաց Թաթոյանն ու հավելեց, որ պատերազմական հանցագործությունները ադրբեջանական իշխանությունների հետևողական հայատյաց քաղաքականության արդյունք էին:

ՄԻՊ-ը շեշտեց, որ Ադրբեջանը շարունակում է թշնամանքի և ատելության գեներացումը՝ օրինակ` հայ գերիներին չվերադարձնելով: «Բացահայտ շահարկվող փաստարկներով, միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու փորձերով՝ գերիներին ներկայացնում են իբրև ահաբեկիչներ, բայց ակնհայտ է, որ հակամարտությունը դեռևս չի էլ ավարտվել, և զինված հակամարտության պայմաններում գերեվարված անձինք չեն կարող համարվել ահաբեկիչ: Դա միջազգային մարդասիրական իրավունքից բխող կարևորագույն սկզբունք է: Ավելին՝ Ժնևյան կոնվեցիաներով, այլ միջազգային փաստաթղթերով նրանց նկատմամբ չի կարող որևէ քրեական հետապնդում իրականացվել, իսկ այսօր նրանք քրեական վարույթներ են հարուցում»,-ասաց նա:

Նա հավելեց, որ Ադրբեջանն այս հարցը քաղաքականացնում է, այնինչ հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն առանց որևէ նախապայմանի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում