«Մեկ օր անվասայլակով». Երևանում հաշմանդամության մասին հասարակության իրազեկման ֆլեշմոբ անցկացվեց

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամության մասին հասարակության իրազեկության բարձրացման նպատակով մայիսի 25-ին «Հույսի կամուրջ» ՀԿ-ն Երևանում անցկացրեց «Մեկ օր անվասայլակով» խորագրով ֆլեշմոբը:

Նախաձեռնության շրջանակում հաշմանդամություն չունեցող անձինք՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և այլք անվասայլակներ վարեցին՝ ցույց տալով այն դժվարություններն ու խնդիրները, որոնց առօրյայում բախվում են սայլակից օգտվողները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆլեշմոբի մեկնարկը տրվեց Ազատության հրապարակwum, որտեղից մասնակիցները սայլակներով շարժվեցին դեպի Կոմիտասի անվան պուրակ: Մասնակիցները փորձեցին «ՔայլՏեք» հայկական ընկերության արտադրած անվասայլակի էլեկտրական կցորդիչը՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով #100հնարավորություն սոցիալական նախաձեռնության մասին:

«Հույսի կամուրջի» շահերի պաշտպանության թիմի անդամ Արևիկ Մելքոնյանը հիշեցրեց, որ կազմակերպությունը 25 տարի զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների շահերի պաշտպանությամբ և կարևորում է ներառական կրթությունը:

Նրա խոսքով՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ Խորհրդային Միության տարիներից բախվում են մատչելիության խնդրին: «Երբ նրանք տնից դուրս են գալիս, կանգնում են մուտքերի թեքահարթակների բացակայության, մատչելի տրանսպորտի և առհասարակ շենք-շինությունների անմատչելիության խնդրի առաջ, որոնց լուծման համար հաճախ ենք դիմում պատկան մարմիններին: Այժմ իրականացնում ենք գերատեսչությունների և համալսարանների մոնիթորինգ, որի արդյունքները ներկայացնելու ենք պատկան մարմիններին: Վերջիններս ի գիտություն են ընդունում, բայց շոշափելի արդյունքներ դեռևս չկան»,- ընդգծեց Մելքոնյանը:

Անդրադառնալով հասարակության՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ վերաբերմունքին՝ նա ասաց, որ տարիների ընթացքում դրական առումով զգալի փոփոխություն է նկատվում, քանի մարդիկ սկսել են ընդունել հաշանդամություն ունեցող մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան: «Երբեմն մեզ ճիշտ չեն հասկանում, խղճահարությամբ են մոտենում, «տառապել» բառն են օգտագործում, բայց հավատացե՛ք, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն տառապում, ապրում են լիարժեք կյանքով, ընդամենը հավասար պայմանների կարիք ունեն»,-եզրափակեց Մելքոնյանը:

«ՔայլՏեք» հայկական ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանն էլ տեղեկացրեց, որ անվասայլակի էլեկտրական կցորդիչից զատ արտադրում են էկզոկմախք, կանգնակ-սայլակ և քայլաբեր, որը մարդուն քայլելու հնարավորություն է ընձեռում: «Քայլաբերը մարդուն թույլ է տալիս ձեռքերի աշխատանքի միջոցով ոտքերի քայլքի իմիտացիա ստեղծել: Այն կանխարգելում է հաշմանդամության հետ զարգացող տասից ավելի հիվանդություն: Մեր առաքելությունը հաշմանադամություն ունեցող մարդկանց կյանքի որակը բարձրացնելն է»,-նշեց Արսենյանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանն էլ ասաց, որ սիրով է միացել նախաձեռնությանը: «Պատերազմների հետևանքով և ոչ միայն մեր հասարակությունում մեծ քանակությամբ հաշմանդամություն ունեցող մարդիկ կան: Բնականաբար, ցանկացած մարդ պետք է մտածի, թե ինչ անել, որ նրանք էլ կարողանան լիարժեք կյանքով ապրել: Երբ իմացա, որ գիտնականների ուժերով սարք է պատրաստվել, որ անվասայլակները կարող են ինքնակառավարվել և հարկ եղած դեքպում բավականին արագ շարժվել, ոգևորվեցի: Դա կարևոր է ցանկացած հումանիստ մարդու համար»,- ընդգծեց Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարը:

Թոփչյանը խոստովանեց՝ հաճախ է մտածում այն մասին, որ ոչ մի մարդ չպետք է դժվարին կացության մեջ հայտնվի: Նա պարբերաբար խորհում է հավասարության մասին և ուրախ է, որ ինչ-որ բան կարող են ստեղծել, անել և աջակցել դժվարություններ ունեցող մարդկանց:

Դիրիժորը հայտնեց, որ նվագախմբի տնօրեն Վիկտոր Մնացականյանի նախաձեռնությամբ առաջիկայում Արամ Խաչատրյան համերգասրահը կվերազինվի, հնարավոր է՝ վերելակներ տեղադրվեն, որոնք հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորություն կտան հեշտությամբ տեղաշարժվել դահլճում և ունկնդրել յուրաքանչյուր միջոցառում:

Ֆլեշմոբն իրականացվեց «Հույսի կամուրջ» ՀԿ և «ՔայլՏեք» ընկերության համագործակցությամբ՝ «Հույսի կամուրջ» ՀԿ 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում