Հասարակական

Անոմալ շոգեր են. փրկարարական ծառայությունը լիարժեք պատրաստ է արձագանքել հրդեհային դեպքերին

3 րոպեի ընթերցում

Անոմալ շոգեր են. փրկարարական ծառայությունը լիարժեք պատրաստ է արձագանքել հրդեհային դեպքերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս օրերին գրանցվող անոմալ շոգերով պայմանավորված՝ մեծանում են հրդեհային անվտանգության հետ կապված ռիսկերը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը նշեց, որ փրկարար ծառայության տնօրենի կողմից հանձնարարական է իջեցվել և որոշակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

«Բոլոր անհրաժեշտ տեխնիկան, սարքավորումները, գործիքները բերվել են պատրաստ վիճակի: Հրդեհային դեպքերին արձագանքելու առաջին իսկ ահազանգից դրանք կգործարկվեն: Այսինքն՝ փրկարար ծառայությունը լիարժեք պատրաստ է արձագանքելուն»,-ասաց Արսեն Սարոյանը:

Օդի ջերմաստիճանի բարձր լինելու հանգամանքը պարարտ հող է հրդեհների համար: Դրանով պայմանավորված՝ խոտածածկ տարածքը չորանում է, և անզգույշ քայլը կարող է հանգեցնել հրդեհների:

«Օրինակ, գնում ենք անտառային ինչ-որ տարածք՝ հանգստանալու: Սկսած ծխախոտի մնացորդից, որը լավ չենք հանգցնում, վերջացրած կրակ վառելուց, որը կրկին չենք հանգցնում: Մեր անփույթ վերաբերմունքը կարող է դառնալ հրդեհի բռնկման պատճառ: Դրանից բացի, հրդեհների բռնկման գործում իրենց ազդեցությունն են թողնում նաև ապակե տարաները: Այդ իսկ պատճառով, հորդորում եմ մեր բնակիչներին բնության գիրկ գնալիս, բացօթյա հանգիստ կազմակերպելիս անպայման հետևել հրդեհային անվտանգության կանոններին»,- ասաց Արսեն Սարոյանը:

Մասնագետի՝ բնակչությանն ուղղղված հորդորները պատահական չեն: Վիճակագրությունը փաստում է, որ հրդեհների 90-ից ավելի տոկոսի պատճառը մարդկային գործոնն է: Դրանից բացի, վիճակագրությունը խոսում է այն մասին, որ հրդեհների մեծ մասը գրանցվում է բուսածածկ տարածքներում: Հրդեհների ընդհանուր կառուցվածքում 38 տոկոսը բաժին է ընկնում բուսածածկ տարածքներին: Դրանց հաջորդում են աղբի, աբատարարերի հրդեհները՝ 13 տոկոս, առանձնատները՝ 12 տոկոս, բնակելի տներում, տրանսպորտային միջոցներում 10- ական տոկոս:

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում հրդեհների թիվը նվազել է: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում հրդեհի 1 931 դեպք է գրանցվել, այս տարի՝ 1 570: Արսեն Սարոյանը նշեց, սակայն, որ միայն այս տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ զգալի ավելացել է հրդեհների թիվը: Եթե նախորդ տարվա ապրիլին գրանցվել էր 200 դեպք, ապա այս տարվա նույն ամսին՝ 439:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում