Հասարակական

Ծառայությունների միասնական գրասենյակները հասանելի կլինեն հանրապետության տարբեր հատվածներում

2 րոպեի ընթերցում

Ծառայությունների միասնական գրասենյակները հասանելի կլինեն հանրապետության տարբեր հատվածներում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը խնդիր է դրել հասարակությանը տրամադրվող ծառայությունները մատուցել ժամանակակից սպասարկման կենտրոններում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ դրա համար հիմնվում են հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ:

«Առաջինը Երևանում է հիմնվել Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որտեղ պայմանները բոլորովին այլ են: Մենք նախատեսում ենք բոլոր ծառայությունների տրամադրումը ամփոփել մեկ տեղում: Դա արվում է նրա համար, որ քաղաքացին որևէ պետական ծառայությունից օգտվելու համար ստիպված չլինի գերատեսչությունից գերատեսչություն գնալ: Դա պետք է արվի մեկ պատուհանի սկզբունքով»,-ասաց Վահե Դանիելյանը: Երևանում բացված գրասենյակը պիլոտային ծրագիր է, որն արդարացրել է: Արդյունքում խնդիր է դրվել ավելացնել նման գրասենյակների թիվը: Մասնավորապես, վերջերս նման գրասենյակ բացվել է Իջևանում: Առաջիկայում նախատեսվում է հանրապետության ամբողջ տարածքում ունենալ միասնական գրասենյակներ, որտեղ մատուցվելու են բոլոր պետական ծառայությունները՝ կադաստրային, անձնագրային, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և այլն:

Վահե Դանիելյանի խոսքով, նոր միասնական գրասենյակները բացելուն զուգահեռ կամաց-կամաց քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակների տարածքային կենտրոնները կփակվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում