Երգի պրեմիերա. «ԴԵՏՔ»-ը հրապարակել է «Գիշերը» ստեղծագործությունը
2 րոպեի ընթերցում
![Երգի պրեմիերա. «ԴԵՏՔ»-ը հրապարակել է «Գիշերը» ստեղծագործությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1051943.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԴԵՏՔ» խումբը երկրպագուներին է ներկայացրել «Գիշերը» երգը, որը հասանելի է խմբի YouTube-ի պաշտոնական ալիքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգն ստեղծվել է Նաիրի Զարյանի համանուն բանաստեղծության մոտիվներով։ Երաժշտության հեղինակն ու գործիքավորողն է Արման Պետրոսյանը։ «ԴԵՏՔ» խմբի «Լույսը բացվելիս» ալբոմի ձայնագրման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Ավելի վաղ խմբի անդամները «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում գրել էին, որ ալբոմն ուշացել է շուրջ 7 ամիս։ «Ալբոմի ներկայացման օրը 2020 թվականի հոկտեմբերի 30-ն էր, սակայն պատերազմը եկավ ու իր հետ տարավ ամեն ինչ... Ամեն նպատակ, ամեն երազանք՝ ամեն մեկիս ու ամենքիս միասին։ Ապրել է պետք, գոնե փորձել, փորձել ստեղծագործել ու շարունակել հանուն Տիկոյի, հանուն տղերքի։ «Հերիք չի՝ ապրում ենք, մի հատ էլ երգ ենք գրում...»,-մեր պրոդյուսերն ասաց, և լռեցինք երկար... Վերադառնում ենք»,- նշել էին խմբի անդամները։
«ԴԵՏՔ»-ը ստեղծվել է 2015 թվականին պրոդյուսեր Արման Ամպ-ի կողմից: Խումբը 2017-ին «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունումճանաչվել է որպես Հայաստանում 2016 թվականի լավագույն փոփ բենդ։2020 թվականից խումբը հանդես է գալիս Արման Պետրոսյան, Վահան Կիրակոսյան դուետով: Արցախյան 44-օրյա պատերազմում խմբի անդամները կորցրել են իրենց լավագույն ընկերներից Տիգրանին, որին նվիրել են «Մութը մենք ենք հորինել» երգը:
Հայտնի են «ԴԵՏՔ»-ի «Շուշի», «Մի ազգ, մի բանակ», «Իմ հայրենիք», «Լույսը» և մի շարք այլ երգեր: