Քաղաքականություն

Յոթերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է. Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ

2 րոպեի ընթերցում

Յոթերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է. Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ փուլով կրկին Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր. այսպիսով, Սահմանադրության համաձայն՝ իրավունքի ուժող Յոթերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը «կողմ» և «դեմ» քվեարկեցին մեկական պատգամավորներ, 76 պատգամավոր քվեարկեց «ձեռնպահ»:

Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 67 «կողմ» ձայն:

Անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ է, որ Ազգային ժողովն արձակվում է սահմանված ժամ կետից շուտ: 2018թ. նոյեմբերին ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանը ցրվել էր նույն ընթացակարգով:

Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրվել էր նաև վարչապետի ընտրության առաջին փուլում, սակայն դա ֆորմալ բնույթ էր կրում, քանի որ ապրիլի 25-ին, վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանը սկիզբ դրեց խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացին: Մայիսի 3-ի ԱԺ հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել վարչապետի պաշտոնում:

Հունիսի 20-ին Հայաստանում նախատեսվում է անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում