Ինչո՞ւ պատվաստվել COVID-19-ի դեմ. մանրամասնում են ոլորտի մասնագետները
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն առողջապահության ոլորտի մասնագետների հետ զրուցելով պարզել է, թե ինչու է անհրաժեշտ պատվաստվել COVID-19-ի դեմ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աղբյուրը նշում է, որ Երևանի բնակիչները պատավաստվել կարող են ցանկացած նախընտրած պոլիկլինիկայում։
«Պատվաստանյութը կարևոր անհրաժեշտություն է, կարևոր գործիք, որ մենք հնարավորինս արագ կերպով անցնենք այս գործընթացը և համավարակին վերջ դնենք»,- ընդգծում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ պատվաստվել կարելի է ցանկացած պահի, եթե չկան հակացուցումներ՝ հիվանդության սրացում, ջերմություն, կամ սատուրացիայի ցածր ցուցանիշ: Նախքան պատվաստումը քաղաքացիները բուժզննում են անցնում:
«Պատվաստված բոլոր քաղաքացիներն առնվազն 30 րոպե մնում են պոլիկլինիկայում թերապևտների հսկողության տակ: Յուրաքանչյուրի համար առանձին բացվում է քարտ»,-ասում է Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի վարակաբան Անահիտ Սարուխանյանը:
«Պատվաստումներն արվում են անվճար, 18-ից բարձր տարիք ունեցող բոլոր անձանց: Բժիշկներն առաջին հերթին իրազեկում են ռիսկի խմբերի քաղաքացիներին: Պատվաստվում են ինչպես չվարակված, այնպես էլ նախկինում վարակվածները: Պոլիկլինիկա պետք է գնալ անձը հաստատող փաստաթղթով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
««Աստրա-Զենեկա» պատվաստանյութի սրվակը բացելիս պարտադիր նշվում է ժամը, քանի որ այն օգտագործել կարելի է միայն 6 ժամվա ընթացքում, որից հետո նյութն ուղարկվում է այրման: Մեկ սրվակը նախատեսված է 10 անձի համար: Պատվաստանյութի վրա վերջնաժամկետ է նշված այս տարվա հինգերորդ ամիսը, ինչը նշանակում է, որ այն ուժի մեջ է մինչև մայիսի 31-ը: Հաջորդ պատվաստումն արվում է 8 շաբաթն անց»,- մանրամասնում է Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:
Բուժաշխատողները նշել են նաև, որ «Սպուտնիկ Վի» պատվաստանյութը պահվում է -2000 C պայմաններում: Օգտագործելուց առաջ այն հալեցվում է, նոր միայն ներարկվում:
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մատակարարումների գրաֆիկով շարժվենք առաջ, և արդեն ունենք պայմանավորվածություն, որ ստանանք նոր խմբաքանակը և մեր քաղաքացիները 8-14 շաբաթ անց հանգիստ պատվաստեն»,- ընդգծել է նախարար Ավանեսյանը:
Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ ձեռնարկատեր Արտեմ Ալեքսանյանն առաջիններից էր, որ պատվաստվել է Երևանում: Երկու օր թեթև ջերմել է, ունեցել հոդացավեր՝ այն, ինչ նախազգուշացրել են բժիշկները:
«Մարդկությունը դեռ չի հնարել ավելի էֆեկտիվ մեթոդ, դրա համար էլ անհամբեր սպասում էի, թե երբ է Հայաստան խմբաքանակ մտնելու, որ պատվաստվեմ: Ի վերջո, բոլորը կամ պատվաստվելու կամ հիվանդանալու են, ընտրությունն իրենցն է, հիվանդանալ՝ մահվան ռիսկով, թե պատվաստվել»,- ասել է Արտեմ Ալեքսանյանը:
Նշանավոր բժիշկ ու առողջապահության կազմակերպիչ, կյանքի շուրջ 55 տարին բժշկությանը նվիրած Արա Բաբլոյանը պատվաստումը համարում է COVID-19-ի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը: Նա ստացել է պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: «Միջագային ստատիստիկայով հիվանդացած 50-ից 1-ը մահանում է, ոչ ոք չի կարող երաշխավորել որ այդ մեկն ինքը չէ: Մենք չունենք նկարագրված դեպքեր, որ պատվաստումից հետո մահացու ելք լինի: Համարվում է, որ առնվազն 65-70 տոկոսը պետք է պատվաստվեն, որ արդեն որոշակի արդյունք տեսնենք»,- շեշտել է «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:
Քաղաքապետարանի տվյալներով՝ պատվաստումից հրաժարվող քաղաքացիներն իրենց որոշումը հիմնավորում են տարբեր կերպ՝ պատվաստանյութի նկատմամբ պարզ անվստահությունից մինչև ահարկու պատմություններ: Մասնագետները հորդորում են առասպելների փոխարեն լսել բժիշկների պատմությունները, որոնք ավելի քան մեկ տարի հիվանդանոցներում COVID-19-ի դեմ կյանքի ու մահվան կռիվ են տալիս: «Յուրաքանչյուր ինֆեկցիոն հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Այն մարդիկ, որոնք ագրեսիվ պայքարում են պատվաստումների հետ կապված պետք է իրենց հաշվետու լինեն, արդյոք նրանք պատասխանատվություն կրում են այն մարդկանց համար, որոնց կյանքը հնարավոր չի լինի փրկել»,-ընդգծում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Ըստ աղբյուրի՝ առողջապահության նախարարությունն ու քաղաքապետարանը համատեղ աշխատում են պատվաստման գործընթացն ավելի հեշտացնելու ուղղությամբ: Ամեն օր ժամը 12-ից մինչև երեկոյան 8-ը Հյուսիսային պողոտայում աշխատում է շարժական պատվաստումային խումբը: Պատվաստումների մասին ցանկացած տեղեկություն հնարավոր է ճշտել նաև հեռախոսով՝ համայնքային պոլիկլինիկաներից:
Ապրիլից մինչ մայիսի 10-ը պատվաստվել է ավելի քան 8500 քաղաքացի, նրանցից ավելի քան 2500-ը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում:
Նշվում է, որ աշխարհի շատ երկրներ այսօր քննարկում են երկրից երկիր տեղաշարժի համար պատվաստումը պարտադիր պայման դարձնելու հարցը: «Կառավարությունը որոշում կայացրեց, որ պատվաստման հավաստագիրը՝ կանաչ անձնագիրը հավասարապես կլինի թույլատրելի թեստերի հետ, և քաղաքացիները ստիպված չեն լինի գումար ծախսել թեստերի համար» ,- ընդգծում է առողջապահության նախարարը: