«ԴԵՏՔ» խումբը երաժշտասերներին կներկայացնի «Գիշերը» ստեղծագործությունը
2 րոպեի ընթերցում
![«ԴԵՏՔ» խումբը երաժշտասերներին կներկայացնի «Գիշերը» ստեղծագործությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1051833.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շուշի», «Մի ազգ, մի բանակ», «Իմ հայրենիք», «Լույսը» և մի շարք այլ երգերի շնորհիվ ճանաչում գտած և սիրված «ԴԵՏՔ» խումբն առաջիկայում երկրպագուներին կներկայացնի «Գիշերը» ստեղծագործությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգը խմբի նոր «Լույսը բացվելիս» ալբոմից է։
«Ալբոմն ուշացել է շուրջ 7 ամիս։ Ալբոմի ներկայացման օրը 2020 թվականի հոկտեմբերի 30-նն էր, սակայն պատերազմը եկավ ու իր հետ տարավ ամեն ինչ... Ամեն նպատակ, ամեն երազանք՝ ամեն մեկիս ու ամենքիս միասին։ Ապրել է պետք, գոնե փորձել, փորձել ստեղծագործել ու շարունակել հանուն Տիկոյի, հանուն տղերքի։
«Հերիք չի ապրում ենք, մի հատ էլ երգ ենք գրում...»,- մեր պրոդյուսերն ասաց, և լռեցինք երկար... Վերադառնում ենք»,- «Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել են խմբի անդամները։
«ԴԵՏՔ»-ը ստեղծվել է 2015 թվականին պրոդյուսեր Արման Ամպ-ի կողմից: Խումբը 2017-ին «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունումճանաչվել է որպես Հայաստանում 2016 թվականի լավագույն փոփ բենդ։ 2020 թվականից խումբը հանդես է գալիս Արման Պետրոսյան, Վահան Կիրակոսյան դուետով: Արցախյան 44-օրյա պատերազմում խմբի անդամները կորցրել են իրենց լավագույն ընկերներից Տիգրանին, որին նվիրել են «Մութը մենք ենք հորինել» երգը: