Իտալական Ֆերարայի քաղաքապետը պատրաստ է նախաձեռնել Արցախի ճանաչման գործընթաց

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Ֆերարա քաղաքի քաղաքապետ Ալան Ֆաբրին պատրաստ է նախաձեռնել Արցախի ճանաչման գործընթաց, քույր-քաղաքի հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքներից որևէ մեկի հետ, ինչպես նաև այցելել Հայաստան: «Արմենպրես»-ի հետ տեսահարցազրույցում Ֆաբրին պատմել է քաղաքի թատրոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված ներկայացման, դրա վերաբերյալ Թուրքիայի դեսպանի նամակի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ:

- Պարոն Ֆաբրի, տեղյակ ենք Ֆերարա քաղաքի թատրոնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ներկայացման և դրան հաջորդած գործընթացների մասին: Բայց կխնդրեմ մեր լսարանի համար ևս մեկ անգամ ներկայացնեք կատարվածը: Ինչպե՞ս է որոշվել, որ Ֆերարա քաղաքի թատրոնում պետք է բեմադրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ներկայացում և ի՞նչ վերաբերմունք է այս առնչությամբ հայտնել Իտալիայում Թուրքիայի դեսպանը:

- Ապրիլի 24-ին կազմակերպեցինք միջոցառում, որով նշում էինք Հայոց ցեղասպանության տարելիցը, և, ինչպես գիտեք, որոշակի գործընթացներ տեղի ունեցան դրանից հետո: Այդ ներկայացմանը մասնակցում էր գրող Անտոնիա Արսլանը, նաև այլ մտավորականներ: Հաջորդ օրը մենք նամակ ստացանք Իտալիայում Թուրքիայի դեսպանից: Այն հետ ուղարկեցինք հասցեատիրոջը, որովհետև ընդունելի չէր մեզ համար: Դա փորձ էր միջամտելու մի քաղաքի գործերին, որն ազատ գաղափարների քաղաք է: Մեր քաղաքն ակտիվ է տարբեր ոլորտներում, շատ լավ հարաբերություններ ունի տարբեր համայնքների հետ: Լավ հարաբերություններ ունենք նաև տեղի հրեական համայնքի հետ, և մեզ համար բավականին սովորական է ազատորեն խոսել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել: Նաև ողբերգությունների, դրամաների մասին: Դրամա բառը, երևի, քիչ կլինի նկարագրելու այն ամենը, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ: Այդ նամակը հարգալից չէր և բացարձակապես ընդունելի չէր մեզ համար: Մեր երկրում ընդունելի չէ այնպիսի վերաբերմունքը, որով փորձ է արվում գրաքննության ենթարկել մյուսների կարծիքները: Այդ պատճառով որոշեցինք պատվավոր քաղաքացու կոչում շնորհել տիկին Անտոնիա Արսլանին:

Այն նամակում, որն ի պատասխան ուղարկել ենք Թուրքիայի դեսպանին, նշել ենք, որ մենք չենք խոսում թուրքերի մասին ընդհանրապես, այլ նշել ենք, որ ներկայիս Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում ցեղասպանությունը և ընդունելի չի համարում խոսքի ազատությունը, նաև մամուլի ազատությունը: Մարդիկ իրենց կարծիքն ազատ արտահայտելու հնարավորություն պետք է ունենան, և այդ իրավունքը չի ճանաչվում ներկայիս կառավարության կողմից: Այդ կառավարությունը պատրաստ չէ նաև իր մեղքն ընդունելու և առաջ անցնելու:

Որպես Եվրոպայի քաղաքացի, ես կակնկալեի, որ օրինակ վերցնեին Գերմանիայից, որը կարողացավ վերլուծել և ընդունել այն ամենը, ինչ կատարվեց հրեա ժողովրդի հետ և նույն կերպ ընդունեին ցեղասպանությունը, ինչպես դա արեց Գերմանիայի կառավարությունն ու Գերմանիայի ժողովուրդը՝ ընդունելով և հատուցում տալով հրեա ժողովրդին:

- Բացի Անտոնիա Արսլանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուց, նաև որոշում էիք կայացրել հայկական հարցի մասին իր համարձակ հրապարակումներով հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամին պատվավոր քաղաքացու կոչում շնորհել: Արդեն սկսե՞լ եք այդ գործընթացը:

- Այո, դուք իրավացի եք: Մենք արդեն սկսել ենք այդ գործընթացը, նաև Թաներ Աքչամին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու: Որոշումը պետք է քվեարկության միջոցով կայացնի Ֆերարա քաղաքի քաղաքային խորհուրդը: Հաջորդ շաբաթների ընթացքում քվեարկությունը տեղի կունենա: Որոշում է կայացվել, որ քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր կուսակցությունները միասնական որոշում կորդեգրեն, կողմ կքվեարկեն Անտոնիա Արսլանին և Թաներ Աքչամին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուն: Այդ երկու անձանց, որոնք մեզ համար իրենց գրքերի, ստեղծագործությունների, աշխատությունների շնորհիվ վկայություններ են տալիս Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

- Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսեցինք: Այն ճանաչել են աշխարհի երեք տասնյակից ավելի պետություններ, հիմնականում՝ խորհրդարանական մակարդակով: Այդ պետություններից է նաև Իտալիան, որի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և նույնպիսի կոչով դիմել կառավարությանը: Հնարավորություն տեսնո՞ւմ եք Իտալիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման:

- Երևի սա մի հարց է, որը պետք է կառավարությանն ուղղել, ես ընդամենը քաղաքապետ եմ: Կցանկանայի ասել, որ, իհարկե, քաղաքական մակարդակով բոլորը չեն, որ ճանաչում են ցեղասպանությունը և միշտ չէ, որ խոսվել է այդ մասին: Վերջին տարիներին է ցեղասպանության մասին շատ խոսվել: Ես ծնվել եմ 1979թ. և Հայոց ցեղասպանության մասին տեղեկացել եմ, երբ դիտել եմ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը: Այդ ֆիլմից հետո եմ տպավորվել և ցեղասպանության մասին իմ գիտելիքներն այդ տեղից են գալիս: Այնուհետև, երբ ավելի մեծացա, ամերիկյան երաժշտական մի խմբի էի երկրպագում, հայտնաբերեցի, որ իրենք ամերիկացի են՝ հայկական ծագումով, «System Of A Down»-ի մասին է խոսքը: Ցավոք, արևմտյան և ոչ արևմտյան երկրներն ու ժողովուրդները թերագնահատել են այս ողբերգությունը, այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ: Սակայն, ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է հիշենք այդ ողբերգության մասին, և ուզում եմ նշել, որ, եթե չլիներ իմ անձնական փորձառությունն ու հետաքրքրությունը, հավանաբար, ես ինքս էլ տեղեկացված չէի լինի այս ամենի, այդ ողբերգության մասին, ինչ տեղի է ունեցել պատմության մեջ: Պատմության դասագրքերում, սովորաբար, Հայոց ցեղասպանության մասին խոսվում է մի փոքրիկ պարբերությամբ, որը բավարար չէ: Նաև այդ պատճառով է, որ մենք կատարում ենք այս տեղեկությունների տարածման և գիտակցության բարձրացման աշխատանքը:

- Պարոն Ֆաբրի, որպես Ֆերարայի քաղաքապետ, երբևէ մտածե՞լ եք Հայաստանի Հանրապետության քաղաքներից մեկի հետ Ֆերարան քույր-քաղաք դարձնելու մասին:

- Այո, իհարկե: Ես 2019 թվականից եմ ստանձնել քաղաքապետի պաշտոնը, և, իհարկե, ինձ շատ հաճելի կլիներ, որ կարողանայինք նման համագործակցություն հաստատել Հայաստանի քաղաքներից որևէ մեկի հետ: Իսկապես, այս հարցը շատ հետաքրքիր է և շատ լավ հարց եք ինձ տալիս, բայց 2019թ. պաշտոնը ստանձնելուց հետո եղավ կորոնավիրուսի համավարակը, շատ խնդիրներ ունեցանք և այդ մասին չմտածեցինք: Սակայն, իհարկե, մեծ հաճույքով: Դա կօգներ մեզ, եթե կարողանայինք համագործակցել նաև նման մակարդակով:

- Ձեր քայլը մեծապես ողջունվել է Հայաստանում և հայերի կողմից: Պատրաստվո՞ւմ եք արդյոք ապագայում որևէ ձևաչափով այցելել Հայաստան:

- Իհարկե, շատ ուրախ կլինեի, մեծ պատիվ կհամարեի այցելելը: Իսկապես, շատ հմայված եմ միշտ եղել այն մեծ արժանապատվությամբ, որով հայ ժողովուրդը տարել է իր պայքարն իրավունքների պաշտպանության համար ոչ միայն բուն Հայաստանի սահմաններում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպես է տարել այն ամենը, ինչ պատահել է հայ ժողովրդի հետ, և այն, ինչի միջով հիմա է հայ ժողովուրդն անցնում: Շատ ուրախ կլինեի, շատ մեծ պատիվ կլիներ, եթե կարողանայի այցելել Հայաստան:

- Խոսենք նաև Արցախի մասին: Իտալիայի բազմաթիվ քաղաքներ ճանաչել են Արցախի անկախությունն ու կոչ արել երկրի իշխանություններին՝ նույնն անել: Հաշվի առնելով նաև այն, որ Թուրքիան ցեղասպանությունից 106 տարի անց անպատիժ է մնացել ու Արցախում Ադրբեջանին օգնելով ցույց տվեց, որ անպատիժ մնալով կարելի է նորից ցեղասպանություն իրականացնել: Արդյոք Ֆերարան պատրաստվո՞ւմ է ճանաչել Արցախի անկախությունը:

- Այո, կարծում եմ անշուշտ, առանց վախենալու և առանց որևէ խնդրի: Ես մի քաղաքապետ եմ, որ մշտապես պայքարել է իսլամական կրոնի ֆունդամենտալիզմի դեմ, դա երբևէ հեշտ չի եղել: Կարծում եմ, ընդհանրապես այսօր հեշտ չէ լինել եվրոպացի և իտալացի քաղաքական գործիչ և բացեիբաց սատարել հայկական կողմին: Սակայն մենք դա կանենք, առանց որևէ խնդրի, մենք միշտ կանք և կլինենք Հայաստանի կողքին, որովհետև հայ ժողովուրդը նաև, որպես քրիստոնյա ազգ, մեզ համար մեծ նշանակություն ունի, և մենք միշտ կանք և կլինենք Հայաստանի կողքին:

- Շնորհակալ եմ շատ պարոն Ֆաբրի, որ չմերժեցիք հարցազրույցի մեր խնդրանքը:

- Շնորհակալություն, հուսով եմ՝ շուտով նորից կհանդիպենք:

Հարցազրույցը՝ Նորայր Շողիկյանի

Հայերեն العربية English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում