Հասարակական

ԱՆ-ն հերքում է բուժաշխատողներին պարտադիր «AstraZeneca»-ով պատվաստելու մասին շրջանառվող լուրերը

2 րոպեի ընթերցում

ԱՆ-ն հերքում է բուժաշխատողներին պարտադիր «AstraZeneca»-ով պատվաստելու մասին շրջանառվող լուրերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է պոլիկլինիկաների, հիվանդանոցների աշխատողներին պարտադիր «AstraZeneca»-ով պատվաստելու մասին մամուլում շրջանառվող լուրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ անհիմն մեղադրանքներ են:

«Նախ, նախարարությունը նման խնդիր չի դրել իր առջև: Դրանից բացի, վերջին օրերին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացն ակտիվ թափ է ստացել և բնականոն ընթացքով աշխատանքները շարունակվում են՝ շնորհիվ մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձր մակարդակի: Հայաստանն ունի բավարար չափով պատվաստանյութ ռիսկի խմբի մեր քաղաքացիների համար և մյուս խմբերի անձանց ևս հասանելի դարձնելու համար նախարարի հրամանով սահմանվել է այն, որ 18-ից բարձր քաղաքացիները կամավորության սկզբունքով կարող են պատվաստվել: Ընդգծում եմ՝ կամավորության սկզբունքով, պարտադիր ոչինչ չկա»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:

Հայաստանն ունի «AstraZeneca», «Sputnik V», « CoronaVac» պատվաստանյութերը: COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից: Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար:

Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00: Գործում են նաև պատվաստումային շարժական խմբերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում