ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը լքած Աննա Գրիգորյանը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստան» կուսակցության ցուցակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատգամավորն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Ես կարծում եմ, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն ունի սատարում Սյունիքում, բայց իր գործունեությունը միայն Սյունիքով չի սահմանափակելու: Ես այս կուսակցության մաս եմ կազմելու և այդ կերպ եմ շարունակելու իմ քաղաքական ուղին»,- ասաց Գրիգորյանը:
2021թ. հունվարի 18-ին Աննա Գրիգորյանը լրացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մանդատը վայր դրած Տիգրան Կարապետյանի թափուր մնացած տեղը և հետագայում հայտարարել, որ դուրս է գալիս խմբակցությունից: