Մշակույթ

Հայկ Մարությանը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը շնորհավորել է պարարվեստի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել պարարվեստի ներկայացուցիչներին Պարի միջազգային օրվա առիթով, որը նշվում է ապրիլի 29-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարությանն առանձնահատուկ ողջունել և բարեմաղթանքի խոսքեր է հղել Երևանում գործող բազմաթիվ պարախմբերին, մայրաքաղաքի մշակութային կյանքի ինքնատիպ դիմագիծը կերտող պարարվեստի գործիչներին:

«Պարը ստիպում է զգալ մարդկային ներաշխարհի բոլոր նրբերանգները՝ վիշտն ու կարոտը, երջանկությունն ու բերկրանքը, այն ամոքում է ցավը, դժվարության պահին ստիպում ապրել ու վերգտնել ստեղծագործելու, արարելու կամքը: Համոզված եմ, որ մեր հաղթական պարեղանակները վերադառնալու են մեր կենցաղ՝ ուղեկցելու մեզ մեր հազարամյա երթի այս հանգրվանում»,-ասվում է ուղերձում:

Մարությանը պարարվեստի գործիչներին մաղթել է ստեղծագործական նորանոր հաջողություններ ու բարձունքներ:

Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա:

1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում