Հասարակական

ՀՀ զինված ուժերում անցկացվել են պատրաստականության բարձրացման միջոցառումներ

3 րոպեի ընթերցում

ՀՀ զինված ուժերում անցկացվել են պատրաստականության բարձրացման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստորաբաժանումների հրամանատարների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 27-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են շտաբային մարզումներ։

Մարզումների շրջանակում իրականացվել են պայմանական հակառակորդի հայտնաբերման, պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 27-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի սպա-իրավաբանների հավաք-խորհրդակցություն: Քննարկվել են իրավական ապահովման տարաբնույթ հարցեր, տրվել պարզաբանումներիրավական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Անձնակազմի տեսական գիտելիքները, մասնագիտական հմտությունները ստուգելու և մեթոդական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 27-ին 5-րդ զորամիավորման զորամասերում, զորամիավորման ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ծառայության պետի ղեկավարությամբ, անցկացվել են ստուգումներ։ Ստուգվել է նաև զորամասերում ՌՔԿՊ ունեցվածքի ու միջոցների շահագործման և պահպանման կարգը։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 27-ին, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սպաների որակավորման բարձրացման կենտրոնի ունկնդիրների համար անցկացվել է «Կյանքի իրավունք» թեմայով վերապատրաստման դասընթաց:

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացի նպատակն էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ հրամանատարական կազմի իրազեկվածության բարձրացումը:

Դասընթացը վարել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի տեղակալ, ՄԻԵԴ երևանյան գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նմանօրինակ դասընթացները կրում են պարբերական բնույթ և թիրախավորում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնահարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում