Ինովացիա

«Ռոսկոսմոս»-ի ղեկավարն առաջարկել է ընդլայնել ՌԴ-ՀՀ փոխգործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում

3 րոպեի ընթերցում

«Ռոսկոսմոս»-ի ղեկավարն առաջարկել է ընդլայնել ՌԴ-ՀՀ փոխգործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս օրերին Մոսկվա և Դուշանբե այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է Ռոգոզինին Տիեզերագնացության միջազգային օրվա առթիվ։

«Քարտուղար Գրիգորյանը ընդգծե, որ Ռուսաստանը առաջատար դիրքեր է գրավում տիեզերագնացության ոլորտի մի շարք ուղղություններում և այս առումով կարևորեց հայ-ռուսական համագործակցությունը, շեշտելով, որ Հայաստանում տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում առաջնային կարևորություն են տալիս Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությանը:

Խոսելով Հայաստանում տիեզերական գործունեության զարգացման հեռանկարների և այս ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին քարտուղար Գրիգորյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենք, որի արդյունքում ընկերությունները, որոնք Հայաստանում կզբաղվեն տիեզերական գործունեությամբ, կստանան մի շարք հարկային արտոնություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Դմիտրի Ռոգոզինը իր կողմից բարձր է գնահատել հայ-ռուսական համագործակցությունը տիեզերական մոնիթորինգի ուղղությամբ կատարվող աշխատանքների մասով: Նա առաջարկել է ընդլայնել Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների նախագծման և մշակման շրջանակներում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերելն ստեղծելու աշխատանքային խումբ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տիեզերական գործունեության ոլորտում ուղղությունները հստակեցնելու և անելիքները որոշակիացնելու նպատակով:

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ավարտին Դմիտրի Ռոգոզինը հրավիրել է հայկական կողմին սույն տարվա հունիսի 14-18 Սանկտ Պետերբուրգում կայանալիք Տիեզերական տարածության հետազոտում(Global Space Exploration Conference— GLEX-2021) խորագիրը կրող միջազգային համաժողովին: Ռոգոզինն ընդգծել է, որ նման հարթակներում Հայաստանի ներկայացվածությունը հնարավորություն կտա ձեռք բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ այս ոլորտում:

Կողմերը պայմանավորվել են ամառվա ընթացքում Դմիտրի Ռոգոզինի Հայաստան այցի ընթացքում ամփոփել աշխատանքային խմբի գործունեության արդյունքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում