Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը. Փաշինյանը շնորհակալական նամակ է հղել Բայդենին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալական նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին` վերջինիս կողմից 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը «Հայոց ցեղասպանություն» անվանելու առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղեցի հետեւյալ նամակը. Ձերդ գերազանցություն,

Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զորակցություն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։

Ցանկանում եմ հատուկ նշել նաև 2019 թ. ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերը և արձանագրել, որ Ձեր ուղերձով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում հասավ իր նպատակին։

Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զոհերին հարգանքի տուրք տալու, այլև նմանօրինակ հանցագործությունների կրկնությունը կանխարգելելու համար։

Հայաստանի Հանրապետության համար ճանաչումն ինչպես ճշմարտության և պատմական արդարության, այնպես էլ անվտանգության հարց է հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո։

Լիովին կիսում եմ Ձեր այն միտքը. «Եթե մենք լիարժեքորեն չենք ճանաչում, ոգեկոչում և ուսուցանում մեր երեխաներին ցեղասպանության մասին, ապա «Այլևս երբեք» բառերն իմաստազրկվում են։

Մեծարգո պարոն Բայդեն,

Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների և արժեքների առաջնայնությունը։ Այդ տեսակետից այն քաջալերող և ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար և հանդուրժող միջազգային հասարակություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,- գրել է Փաշինյանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձում 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերն անվանել է Հայոց ցեղասպանություն:

Հայերեն العربية English Français Русский

Աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ. վարչապետը ձկնաբուծության ոլորտի մասին

Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել Իրանի դեմ պատերազմն՝ ԱՄՆ ռազմակայաններին հարվածների պատճառով

Գյումրիում շների կացարանի նախագիծն արդեն պատրաստ է

Hudson Institute–ը վարչապետ Փաշինյանին ներկայացրել է որպես Հարավային Կովկասում խաղաղության նոր ճարտարապետության ձևավորման առանցքային դեմքերից մեկը

ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ

ԱՄՆ-ն դեռ կարող է իր երկու դաշնակիցների միջև հակասությունները պահել կառավարելիության շրջանակում. Սաֆրաստյանը՝ Թուրքիա–Իսրայել հարաբերությունների մասին

Հայկական պատվիրակությունը տպավորված է «Ապագայի խաղեր»-ի կազմակերպվածության բարձր մակարդակով

Հայաստանը Մոլդովային է հանձնել անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապրանք

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր