Հասարակական

Առողջապահության նախարարությունը նախատեսում է վերակառուցել Թալինի բժշկական կենտրոնը

2 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարությունը նախատեսում է վերակառուցել Թալինի բժշկական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է վերակառուցել Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոնը:

«Մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման և արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոնը (շուրջ 3 848 քմ): Այն նաև կբարեկարգվի, կկառուցվեն կաթսայատուն` շուրջ 479 քմ և նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում նոր դիահերձարան՝ շուրջ 180 քմ»,-նշում են ՀՀ առողջապահության նախարարությունից:Նախարարությունը հայտնում է, որ հաշվի առնելով կենտրոնի ներկայիս շենքային պայմանները, զբաղվածության ցածր ցուցանիշները` արդիականացումից հետո այն կունենա ընդհանուր 30 և ինտենսիվ թերապիայի 5 մահճակալ, ևս 2-ը ընդունարանում՝ անհետաձգելի բժշկական օգնության համար: Շինարարական աշխատանքները կտևեն 2.5 տարի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Ավագյանը նշեց, որ վերակառուցումից հետո կենտրոնը կունենա մարզին անհրաժեշտ բոլոր այն բժշկական ծառայություններն իրականացնելու հնարավորությունները, որոնք մինչ օրս չեն եղել:

«Վերակառուցման շնորհիվ` և՛ բուժծառայություններ են ավելանալու, և՛ շատ ավելի բարվոք շենքային պայմաններ են ստեղծվելու: Ավելանալու են, օրինակ` էնդոսկոպիկ ծառայությունները, ուռոլոգիական ծառայությունները: Լինելու է առաջնային անհրաժեշտ բոլոր հետազոտություններն իրականացնելու հնարավորություն, լինելու են համապատասխան մասնագետները, որ մարզին անհրաժեշտ են, բայց մինչ օրս չեն եղել: Շենքային պայմանները թույլ են տալու, որ անհետաձգելի բուժօգնության ծառայություն ունենանք»,- ասաց Ավագյանը:

Բժշկական կենտրոնի տնօրենը նշեց, որ համապատասխան մասնագետների պակասը կլրացնեն կամ նպատակային օրդինատուրայի, կամ մարզի ու Երևան քաղաքի այլ հիվանդանոցներից բժիշկների ներգրավման ճանապարհով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում