Հասարակական

Բարձրացվեց զինվորական ծառայության տարիքային շեմը. օրինագիծն ընդունվեց

2 րոպեի ընթերցում

Բարձրացվեց զինվորական ծառայության տարիքային շեմը. օրինագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ օրինագիծը հեղինակել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նախագծով առաջարկվում էր բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը՝ սահմանելով պայմանագրայինների համար մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:

Կառավարությունն առաջարկել էր սպայական և շարքային կոչումների համար սահմանել տարբեր տարիքային շեմեր:

«Գործող օրենքում ամրագրված 40 տարեկանն առաջարկվում է դարձնել 45, իսկ 45 տարեկանը՝ 50: Կրտսեր սպայական կազմի համար առաջարկվում է 48-ը 52 տարեկան դարձնել, ավագ սպայական կազմի համար 50-ը՝ 58: Ավելի բարձր կոչումների համար տարիքային շեմը թողնվել է անփոփոխ: Առաջարկվում է համաչափորեն բարձրացնել նաև պահեստազորայինների տարիքային շեմը՝ դարձնելով 48-ից 53, 50-ից 55, 55-ից 58 և 58-ից 60 տարեկան»,- նախագիծը ներկայացնելիս նշել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 102 «կողմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում