Հասարակական

Արմավիրի մարզում 106 տարեկանում կյանքից հեռացել է ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Միրխանյանը

2 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզում 106 տարեկանում կյանքից հեռացել է ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Միրխանյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Օվսաննա Միրխանյանը, որը բնակվում էր Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Օվսաննա Միրխանյանի որդին՝ Սարգիս Միրախանյանը, տեղեկացրեց, որ մայրը 106 տարեկան էր:

«Նա բարդ վիրահատություններ էր տարել: Բացի այդ, բակում ընկնելու պատճառով չէր կարողանում անկողնուց վեր կենալ: Մենք 5 երեխա ենք: Մայրս 2 դուստր է ունեցել Սիրիայում. մահացել են»,-ասաց Սարգիս Միրախանյանը:

Արմավիրի մարզպետի մամուլի խոսնակ Հերմինե Վարդանյանի խոսքով՝ Օվսաննա Միրխանյանը վերջինն էր ցեղասպանությունը վերապրածներից, որը բնակվում էր Արմավիրի մարզում:

«Վերջին 1-2 տարվա ընթացքում Արմավիրի մարզի բնակավայրերում ցեղասպանությունից ողջ մնացած 4 բնակիչ ունեինք: Նախորդ տարվա տվյալներով՝ մարզում բնակվում էին ցեղասպանությունը վերապրած ու ողջ մնացած 2 հոգի, որոնցից մեկը՝ Օվսաննա Միրխանյանն էր: Ավելի վաղ՝ այս տարի, մահացել էր նաև Վարդանաշեն գյուղում բնակվող մյուս տատիկը՝ Եպրաքսի Գևորգյանը, որը նույնպես ցեղասպանությունը վերապրածներից էր»,-մանրամասնեց Վարդանյանը:

Օվսաննա Միրխանյանն «Արմենպրես» լրատվական գործակալության «Ականատեսը» հատուկ նախագծի հերոսներից էր, նախագծի հեղինակի հետ զրույցում նա պատմել էր Ստամբուլից գաղթի և Հալեպում անցկացրած տարիների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում