Հասարակական

Դրախտիկի միջնակարգ դպրոցում բացվեց Արցախյան վերջին պատերազմի հերոսների Փառքի անկյուն 

7 րոպեի ընթերցում

Դրախտիկի միջնակարգ դպրոցում բացվեց Արցախյան վերջին պատերազմի հերոսների Փառքի անկյուն 

ԳԱՎԱՌ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցում հանդիսավորությամբ նշվեց Արցախյան վերջին պատերազմի ընթացում հերոսացած զինվորներ, Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի շրջանավարտներ Ալեքսանդր Օսիպյանի, Իվան Կիրակոսյանի, Սերգեյ Երիցյանի, Գնել Աղաջանյանի անմահ անունները կրող դասասենյակի բացման արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դրախտիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքյոխյանը, դասարանի բացման արարողության մեկնարկում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների եւ դպրոցի հերոսացած շրջանավարտների հիշատակը։ Շնորհակալական եւ երախտագիտության խոսքեր ասվեցին հերոսների ծնողներին եւ ուսուցիչներին՝ նման քաջ, հայրենասեր ու նվիրյալ տղաներ ծնելու, սնելու, կրթելու եւ դաստիարակելու համար։

«Քանի որ մեր դպրոցի ռազմագիտության դասասենյակը կրում էր 1992 թվականներին Ճամբարակի սահմանները պաշտպանելիս զոհված Անդրանիկ Կիրակոսյանի անունը, ուստի մեր կոլեկտիվով, զոհվածների ծնողների հետ համատեղ, որոշեցինք մեկ ազատ դասասենյակ հիմնանորոգել եւ անվանակոչել մեր չորս անմահացած աշակերտներ Ալեքսանդրի, Իվանի, Սերգեյի եւ Գնելի անուններով։ Այստեղ հաճախակի կանցկացնենք հայրենասիրության դասեր, միջոցառումներ, կկատարենք ծաղկեդրում եւ մոմավառություն։ Մի քանի օրից հանդիսավորությամբ նշելու ենք Ալեքսանդր Օսիպյանի ծննդյան օրը։ Մյուս հերոսների ծննդյան օրերն էլ պարտադիր ենք նշելու։ Մեր սիրելի աշակերտները քաջաբար են կռվել ու հերոսացել՝ հետմահու ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվելով «Մարտական ծառայության» մեդալով։ Սերգեյ Երիցյանը նաեւ զորամասի հրամանատարության կողմից պարգեւատրվել է երկու շնորհակալագրով։ Բոլոր պարգեւները հանգրվանել են դասասենյակում բացված Փառքի անկյունում։ Սերգեյի աճյունը հանգչում է Եռաբլուրում, Իվանի, Ալեքսանդրի եւ Գնելի աճյունները՝ Դրախտիկ գյուղի գերեզմանոցում։ Բոլորն էլ իրենց սխրանքներով փառք են բերել Դրախտիկին ու իրենց հարազատ դպրոցին, բոլորն էլ հիանալի աշակերտներ էին, վեհ երազանքներ ունեին իրենց սրտերում»։

Սերգեյ Մանուկի Երիցյանը ծնվել է 2001 թվականին, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ 2007-ին տեղափոխվել է Դրախտիկ եւ ընդունվել Դրախտիկի միջնակարգ դպրոց։ Եղել է ընդունակ աշակերտ, 2019-ին ավարտել է դպրոցը եւ ընդունվել Երեւանի Դատական փորձագիտության ինստիտուտ՝ որպես ապագա փորձագետ։ 2020 թվականի հունվարի 15-ին զորակոչվել է Հայկական բանակ։ Սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, ապա որպես կրտսեր սերժանտ ու հրետանու հաշվարկի հրամանատար մեկնել է Մեղրիի զորամաս։ 2020 սեպտեմբերի 27-ին Արցախյան 3-րդ պատերազմում մասնակցել է Սերգեյ Երիցյանի գլխավորած ջոկատին։ Նրանց հրետանային ուժգին հարվածներից թշնամին ունենում է ոչ միայն մարդկային, այլեւ մեծաթիվ տեխնիկայի կորուստ։ Նրանց ջոկատը կռվել է Ջրականի եւ Իշխանաձորի մարտերում եւ հերոսաբար ընկել հոկտեմբերի 18-ին, ԱԹՍ֊-ի հարվածից։ Սերգեյի սխրանքների մասին պատմում են ընկերները, թե ինչպես վիրավորներով լի մեքենան հեռացրեց մարտի դաշտից եւ ետ վերադառնալիս իր 7 ընկերների հետ զոհվեց։ Սերգեյը դեռ մանկուց իր հերոս պապից լսել էր Արցախկի կարեւորության մասին, թե որքան հերոս տղաների արյունով է գծվել այդ սահմանը: Նրա պապ Սերգեյ Երիցյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։

Գնել Բաղդասարի Աղաջանյանը ծնվել է 1996 թվականի հունիսի 26-ին, Դրախտիկ գյուղում։Սովորել եւ ավարտել է մեր դպրոցը։ 2015 թվականին մեկնել է ծառայության Արցախում` Մարտակերտում։ Մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմին։ Եղել է շարքային։ 2017 թվականին ծառայությունը ավարտել եւ տուն է վերադարձել։ Բայց դարձել է պայմանագրային զինծառայող։ Ծառայությունը անցնում էր Ճամբարակում։ Եղբայրը՝ Գեւորգը նույնպես պայմանագրային զինծառայող է, նա եւս ծառայում է Ճամբարակում։ Ծառայությանը զուգընթաց նա մասնագիտանում էր Փրկարար ծառայության ոլորտում։ Գնելը 2020 թվականի սեպտեմբերի 23-ին ամուսնանում է, սակայն չի հասցնում վայելել իր երջանկությունը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը, եւ նա մեկնում է դիրքեր։ Պատերազմի ժամանակ նրան տեղափոխում են Քարվաճառ, հետո Ճամբարակ, հետո Սոթք, հետո՝ Շուշի։ Շուշիում էլ փրկելով 20 մարդկային կյանք՝ զոհվում է 2020 թվականի նոյեմբերի 8-ին, պատերազմի ավարտից մեկ օր առաջ։ Զոհվելուց ժամեր առաջ զանգում է տուն խոսում հոր եւ կնոջ հետ։ Ավա՜ղ, դա լինում է վերջին զանգը։

Իվան Մարտիկի Կիրակոսյանը ծնվել է 1991 թվականին, ՀԽՍՀ Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղում։ 1998-2008 թվականներին սովորել է մեր դպրոցում։ Այնուհետ ընդունվել է Երեւանի ֆիզկական կուլտուրայի եւ սպորտի պետական իստիտուտի վոլեյբոլի բաժին։ Կիսատ թողնելով ուսումը՝ 2009-2011 թվականներին մեկնել է զինվորական ծառայության։ Ծառայությունից հետո շարունակել է ուսումը, որն ավարտել է 2014թվականին։ 2020 թվականին ընդունվել է Ճամբարակի N զորամաս՝ որպես պայմանագրային զինծառայող։ Հոկտեմբերի 1-ին իր զինակից ընկերների հետ մեկնել է ռազմաճակատ։ Զոհվել է Քարվաճառի պաշտպանական մարտերում, հոկտեմբերի 3-ին։

Ալեքսանդր Օսիպյանը ծնվել է 1985 թվականին Բաքվում։ Երեք տարեկան էր նա, երբ ընտանիքի հետ բռնագաղթվում ու հաստատվում է Դրախտիկ գյուղում։ Մեր դպրոցը նա ավարտել է 2003 թվականին եւ զորակոչվել Հայկական բանակ։ Ծառայել է «Եղնիկներ» կոչվող տեղամասում։ Զորացրվելուց հետո, 2006 թվականին, անցել է պայմանագրային զինծառայության Արտանիշի զորամասում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին իր մարտական ընկերների հետ տեղափոխվել է Արցախ՝ մասնակցելով Քարվաճառի համար մղվող մարտերին։ Հերոսաբար զոհվում է հոկտեմբերի 2-ին՝ որբ թողնելով չորս երեխաներին։ Ահա մեր հերոսները, որոնցից հայրենասիրության անկրկնելի դասեր պիտի առնեն գալիք սերունդները»,- ներկայացրեց դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքյոխյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում