ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շատ երկար ժամանակ քննարկվում է գիտության ֆինանսավորման ավելացման թեման, որը կառավարության օրակարգում է եղել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գիտության ոլորտին լրացուցիչ 2,78 մլրդ դրամ հատկացնելու գործադիրի որոշմանը:
«Այս թեմայով տասնյակ քննարկումներ ենք ունեցել. քննարկման թեման հետևյալն է՝ որևէ տեղում գումար ավելացնելն ամենևին չի նշանակում, որ մենք կհասնենք բովանդակային արդյունքի: Շատ կարևոր է հավաստիանալ՝ այն ներդրումը, որ արվում է առաջինը համակարգի կողմից կարող է մարսվել, այսինքն` դրա համար կան համապատասխան հիմքեր ու մեխանիզմներ, երկրորդ, այդ ներդրումը կլինի նպատակային և ծառայում է գիտության զարգացմանը: Մենք փորձում ենք, որ սրանով նաև ինստիտուցիոնալ մեխանիզմներ գործարկվեն: Սա այս գործընթացի առաջին փուլն է, այն լինելու է շարունակական»,- ընդգծեց վարչապետը:
Կառավարությունն ապրիլի 8-ին վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, ըստ որի՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները՝ 13 մլրդ 104 միլիոն 247 հազար դրամն ավելացրեց 2 միլիարդ 784 միլիոն 565 հազար դրամով: