ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են այնպես, որ դրանք վիճարկելու առիթ չլինի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե ով է վայելում քաղաքացիների վստահությունը:
«Քարոզարշավը ու ընտրությունները ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը: Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ժողովրդի հետ եւ լիովին հասկանում ենք նրա խնդիրները, կարիքները եւ ցանկությունները», - ասել է Փաշինյանը:
Վարչապետը հավելել է, որ հանրությանը կներկայացնեն այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանը և բարեկեցության ապահովմանը:
«Համոզված եմ, որ մեր հասարակությունը կկարողանա ձևավորել լեգիտիմ իշխանություն, իսկ մենք քաղաքացիների հետ շփումներում կներկայացնենք մեր ծրագրերն ու նպատակները առաջիկա տարիների համար»,- նշել է Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով ՝ 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունները, երբ նա դարձավ վարչապետ, եզակի էին նրանով, որ 1996 թվականից ի վեր առաջին անգամ ընտրությունների արդյունքները չէին վիճարկվել Սահմանադրական դատարանում:
«Մեզ հաջողվել է ապահովել լիովին թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ, որոնց արդյունքներն ընդունվել են բոլորի կողմից: Դրանք նաև բարձր գնահատական են ստացել միջազգային դիտորդական կառույցների կողմից: Համոզված եմ, որ առաջիկա ընտրությունները ևս կանցնեն բարձր մակարդակով։ Վստահ եմ, որ այս անգամ էլ մեր ժողովուրդն իր ազատ կամարտահայտությամբ կձևավորի լեգիտիմ իշխանություն: Մենք կարող ենք ապահովել ընտրությունների այնպիսի անցկացումը, որ դրանք վիճարկելու առիթ չլինի», - եզրափակել է Փաշինյանը:
Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո: