Դատախազությունը կանդրադառնա Քոչարյանի գործով որոշմանը դատական ակտին ծանոթանալուց հետո

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշմանը կանդրադառնա դատական ակտը ստանալուց և պատճառաբանություններին ծանոթանալուց հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մեղադրող կողմ, դատախազ Պետրոս Պետրոսյանը:

«Դատարանը այս դատական նիստի ընթացքում ընդամենը անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին: Նույնիսկ չանդրադարձավ եզրափակիչ մասին, թե քրեական դատավարության որ նորմերին հղում կատարելով է քրեական հետապնդումը դադարեցրել»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ պարզ չէ, թե արդյո՞ք դատարանը որոշման մեջ հղում կատարել է մեղադրող կողմի առարկություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությանը, թե ոչ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 2008-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Դատարանը որոշում է կայացրել կարճել ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքների մասով քրեական գործի վարույթը: Դատարանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը արդարացվել են: Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումը: Պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Դատախազները առարկել էին Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդել է, որ դատավորը պետք է կասեցնի գործի վարույթը և դիմի ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականության հարցը որոշելու համար։

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանադրությանը հակասող: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է հենց այդ հոդվածով:

Ապրիլի 1-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել էր Սահմանադրական դատարան:

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա