Քաղաքականություն

Հայաստանում ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգային ցուցակների

3 րոպեի ընթերցում

Հայաստանում ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով՝ առանց ռեյտինգային ցուցակների

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները՝ ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը քվեարկությամբ ստացավ 82 կողմ ձայն:

Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել նախագծի՝ իր կողմից լրամշակված տարբերակը: Նախագծից հանվել են կորոնավիրուսով պայմանավորված փոփոխությունների առաջարկները: «Նախագահի աշխատակազմի մեր գործընկերների կողմից արդեն իսկ մեզ տեղեկացվել է, որ կորոնավիրուսի կարգավորումների հետ կապված իրենք խնդիրներ են տեսնում: Այդ իսկ պատճառով ընդառաջ գնալով՝ բոլոր այդ կարգավորումներից, որոնք պետք է լինեին Ընտրական օրենսգրքում, մենք հրաժարվել ենք»,-ասաց պատգամավորն ու հավելեց, որ նախագծում կատարել են նաև տեխնիկական շտկումներ:

Այսպիսով` նախագծով նախատեսվում է հանել ռեյտինգային ցուցակները: Այս փոփոխությունից հետո քաղաքացին ընտրատեղամասում ընտրելու է միայն քաղաքական ուժին: Այսինքն՝ քվեաթերթիկներից ընտրելու է մեկ քվեաթերթիկ և առանց որևէ նշում կատարելու, դնելու է ծրարի մեջ ու գցելու է քվեատուփը:

Նախագծի համահեղինակներն են խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը:

Մինչև այդ ևս գործում էր համամասնական ընտրակարգ, սակայն ռեյտինգային համակարգի համադրությամբ՝ այսինքն` ռեյտինգային ցուցակներով:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ էր այս փոփոխությանը: ԼՀԿ-ն առաջարկում էր բաց ցուցակների տարբերակը՝ միաժամանակ շեշտելով, որ գործընթացի կեսից՝ այսինքն ընտրությունների մասին պայմանավորվածությունից հետո խաղի կանոններ չեն փոխում:

Իշխանությունը վստահեցնում է, որ այս փոփոխությամբ ընդամենը պարզեցնում են ընտրությունների ընթացքը:

ԱԺ-ում նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ այն դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում