Դիլիջանի տարածքային կենտրոնի բացմամբ ազդարարվեց Միասնական սոցիալական ծառայության մեկնարկը
3 րոպեի ընթերցում

ԴԻԼԻՋԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ողջ տարածքում ապրիլի 1-ից գործարկվեց Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ)։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նույն օրը, ավելի բարեկարգ շենքային պայմաններով քաղաքացիների առաջ իր դռները բացեց Դիլիջանի տարածքային կենտրոնը։
Ծառայության աշխատանքների մեկնարկին և կենտրոնի բացմանը ներկա էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Սոցիալական ոլորտում այսօր բարեփոխման կարևոր սկիզբն է ազդարարվում։ ՄՍԾ-ն ներառելու է սոցիալական պաշտպանության ոլորտի 4 ուղղվածություն՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության բաժինները։ Այսօրվանից ամբողջ հանրապետությունում ՄՍԾ 49 գրասենյակ սկսում են մատուցել համապատասխան ծառայությունները՝ մեկ պատուհանի սկզբունքով»,- նշեց Առաքելյանը։
Նրա խոսքով՝ 49 գրասենյակից 42-ը մարզերում են տեղակայված։ ՀՀ-ի ՄՍԾ տարածքային կենտրոններից մի քանիսում դեռևս շինարարական աշխատանքներ են տարվում։
Միասնական սոցիալական ծառայությունների Դիլիջանի տարածքային կենտրոնի սպասարկման բաժնի պետ Ռուբեն Անանյանը նշեց, որ կենտրոնը ստեղծվել է ի շահ բնակիչների։ Տարածքային կենտրոնները մեկ պատուհանի սկզբունքով որակյալ ու հասցեական ծառայություններ կմատուցեն շահառուներին։
«Այսուհետև Դիլիջան քաղաքի բնակիչները դժվարություններ չեն կրի առաջացած տարբեր հարցերի պարզաբանման ընթացքում։ Այստեղ գործելու է մեկ պատուհանի սկզբունքը։ Քաղաքացիները դիմումները ներկայացնելու են սպասարկման բաժնում, ինչից հետո ծառայության ներսում լուծում կտանք բարձրացրած բոլոր հարցերին»,- ասաց Անանյանը։
ՄՍ ծառայության ղեկավար Նունե Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ նախկինում, ԱՍՀ նախարարությունն իր նպատակների իրականացման համար գործառույթներն իրականացնում էր 4 տարբեր գործակալության միջոցով։
«Նախկինում այդ կառույցները գտնվում էին տարբեր վայրերում, երբեմն էլ քաղաքացիները մի ծառայությունից օգտվելու համար ստիպված էին լինում գնալ մի քանի գործակալություն։ Սա մեր բնակիչների համար անհարմարություններ էր ստեղծում։ Բարեփոխումների արդյունքում դրանք 1 ծառայությունում են մեկտեղվել»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ այսուհետև ծառայությունները կմատուցվեն ավելի բարեկարգ վայրում։
Տավուշի մարզում նման կենտրոններ կան Դիլիջան, Իջևան և Բերդ քաղաքներում։