ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում՝ պետության կողմից ուսուցչի հերթական ատեստավորում`յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ իրականացնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման` ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի:
Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումը նախատեսվում է կենտրոնացնել առարկայական վերապատրաստման և ընդհանուր մանկավարժական գիտելիքների, աշխատանքի պլանավորման, իրականացման և գնահատման վրա, քանի որ վերջին տարիների ընթացքում էականորեն փոխվել են ինչպես գիտությունները, գնահատման եղանակները, այնպես էլ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները, որոնց միջոցով իրականացվում է ուսուցման գործընթացը նոր մեթոդներով և ռազմավարություններով: