Խորհրդարանը քննարկում է ընտրություններից առաջ ռեյտինգային ցուցակները հանելու նախագիծը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված երկու և «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորներ ներկայացրել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները՝ այսպիսով ընտրությունների գնալով մաքուր համամասնական ընտրակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Վահագն Հովակիմյանը:

Նա նախ նշեց, որ ընտրությունները քաղաքական ճգնաժամի հաղթահարման ժողովրդավարական միակ հնարավոր տարբերակն են: Ուստի այդ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ընդունելի լինի շահագրգիռ բոլոր կողմերի և ընդհանրապես երկրի, հանրության համար: «ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն»,-ասաց Հովակիմյանը:

Նա հիշեցրեց, որ ներկայիս խորհրդարանի երեք քաղաքական ուժերը 2018-ին կողմ են քվեարկել ընտրական օրենսգրքի այն նախագծին, որով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ցուցակներից:

«Կա հստակ հանրային պահանջ և լայն համախոհություն, և հենց այս փուլում մենք պետք է այս փոփոխությունն ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից: Այս հարցում բոլորս ենք համակարծիք: Եվ այսօր մենք հենց դա պետք է անենք: Առաջարկվող փոփոխություններում, բացի ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու կարգավորումներից, կան նաև կարգավորումներ, որոնք վերաբերում են կորոնավիրուսային հիվանդության առկայության փաստով ստեղծված իրավիճակին»,-ասաց նա:

Այս փոփոխություններով առաջարկվում է նաև անհրաժեշտ համապատասխան իրավական հիմքերը սահմանել՝ ընտրական գործընթացները կարանտինի պայմաններին համահունչ կազմակերպելու համար:

Հովակիմյանի խոսքով՝ երբ նախագիծը պատրաստ է եղել՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն պետք է արտահերթ ռեժիմով քննարկվեր, ուղարկվել է նաև հանրապետության նախագահին, որ եթե նախագահն առարկություններ ունի, դրանց մասին հեղինակներին նախապես զգուշացնի: «Ուստի ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր այն առարկությունները, որոնք հնարավոր է, որ ընդդիմադիր խմբակցությունների կամ նախագահի աշխատակազմի մեր գործընկերները կունենան, պատրաստ ենք քննարկել և իրացնել՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման միջակայքում»,-վստահեցրեց պատգամավորը:

Նախագծի հեղինակներն են խմբակցություններում չընդգրկված Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլը»-ից Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:

Հայերեն English

Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ