Հասարակական

ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց զինվորականներին չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում տալու նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց զինվորականներին չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում տալու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ զինծառայողների չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարվա համար, իսկ մինչ այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չի տրամադրվում: ՍԴ-ն 2018-ին այդ դրույթը հակասահմանադրական է ճանաչել:

«Մենք նախաձեռնություն հանդես բերեցինք և սահմանեցինք, որ այս դրույթը փոխվի, և այն ընդհանուր կարգավորումը լինի, որը կա մյուս բոլոր հանրային ծառայողների բնագավառում: Բացառություն էր միայն զինվորական ծառայությունը: Եվ այս նախագծի տրամաբանությունը հենց դրանում է, որ թույլ տանք այդ իրավունքից օգտվեն նաև զինծառայողները»,-ասաց Սիմոնյանը:

Սակայն գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: ԼՀԿ-ին առաջարկվել է հետաձգել նախագծի քննարկումը մեկ ամսով, որպեսզի կառավարությունը ներկայացնի իր դիտարկումները, սակայն խմբակցությունը չի համաձայնել:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ևս ընդունեց, որ խնդիրը պետք է լուծվի, սակայն քննարկվող նախագծով հաշվի չի առնվել այն հանգամանքը, թե ինչ ծավալի գումարների մասին է խոսքը, որը պետք է փոխհատուցվի այն զինծառայողներին, որոնք տարիներ շարունակ չեն օգտվել իրենց արձակուրդից:

Քվեարկությամբ նախագիծը ստացավ 32«կողմ», 51 «դեմ», 9 «ձեռնպահ» ձայներ՝ չընդգրկվելով օրակարգ: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահություն հայտնեց, որ թեև իրենց նախագիծը մերժվեց, սակայն իշխանություններն այդ նախագիծը կընդունեն, եթե իրենք նախաձեռնեն՝ հիշեցնելով նախկինում տեղի ունեցած նման դեպքի մասին: «Սա ի՞նչ պրակտիկա է, սիրելի գործընկերներ»,- հարցրեց Մարուքյանը՝ դժգոհելով իշխանության մոտեցումից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում