Հասարակական

Ֆրանսիացի օրթոպեդները Գյումրիում վիրահատելու են պատերազմում վիրավորում ստացած զինվորներին

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի օրթոպեդները Գյումրիում վիրահատելու են պատերազմում վիրավորում ստացած զինվորներին

ԳՅՈՒՄՐԻ,23 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի օրթոպեդները առաջիկա երկու օրում Գյումրիում կզննեն պատերազմում վիրավորում ստացած զինվորներին՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով վիրահատություններ:

Իսկ մինչ բուժզննումն ու վիրահատությունը Գյումրու վերականգնողական կենտրոնում անցկացվեց հայ-ֆանսիական «Վերականգնողական, նյարդա-օրթոպեդիկ միջազգային համաժողով», որին մասնակցում էին Ֆրանսիայից և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մասնագետներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆրանսիացի մասնագետները, կոնֆերնասի ընթացքում իրենց փորձը ներկայացնելով հայ գործընկերներին, խոսեցին հիմնականում ուղեղի վնասվածք ստացած հիվանդների վերականգնողական խնամքի, ֆիզիոթերապիայի, էրգոթերապիայի, շնչափողի հեռացման, վերջույթների վնասվածքի, բարդ վնասվածքների վերականգնման մասին: «Նմանատիպ կոնֆերնաս Գյումրիում առաջին անգամ է տեղի ունենում, ինչն անխոս արդյունավետ է ու շատ կարևոր հատկապես հիմա և կօգնի այս պահին վերականգնողական բուժման մեջ գտնվող երիտասարդների արագ վերականգնմանը»,-նշեց Գյումրու Վերականգնողական կենտրոնի տնօրեն Անահիտ Աղաջանյանը:

Կոնֆերանսի համակազմակերպիչ Ֆլորենս Վեբերը «Արմենպրես»-ին հայտնեց, որ հիվանդանոցային համակարգը, որն ինքը ներկայացնում է, Եվրոպայում մեծագույն ՝ Փարիզյան համալսարանական հիվանդանոցային համակարգն է /ՀԱՓՀ/: Աշխարհի տարբեր երկներում ՀԱՓՀ իրենց փորձով աջակցել են, իսկ հոկտեմբերից արդեն Հայաստանում են՝ փորձելով աջակցել պատերազամից տուժածներին: «Մինչև օրս աջակցում ենք հայ զինվորներին ու դեռ կշարունակենք աջակցել: Մենք վստահ ենք, որ Հայաստանում կան հիանալի բժիշկներ: Մենք փորձում ենք մեր մեթոդներն ու մասնագիտական փորձը կիսել այն բոլոր մեր գործընկերների հետ, ովքեր կուզենան իմանալ մեր փորձի մասին ու համագործակցել, որպեսզի ավելի արդյունավետ լինի իրենց գործունեությունը: Հույս ունենք, որ հաջորդ օրերին էլ լավ աշխատանք կանենք ու կօգնենք Գյումրու վերականգնողական կենտրոնում բուժում անցնող զինվորներին»,- նշեց Ֆլորենս Վեբերը:

Ծնունդով գյումրեցի ֆրանսահայ բժիշկ Լևոն Խաչատրյանը, ով մի քանի անգամ արդեն տարբեր խմբերով Հայաստանում է, նշում է՝պատերազմի առաջին օրերի ու ներկայիս վիճակները տարբեր են: «Չէի ասի, որ հիմա հեշտ է, հիմա ավելի դժվար է, բայց, այս ամենով հանդերձ, մենք փորձում ենք անել այն հնավոր գործողությունները՝ մեր զինվորների վերականգնումը արդյունավետ կազմակերպելու համար»,- նշեց Լևոն Խաչատրյանը՝ կարևորելով աշխատանքի ճիշտ կազմակերպման անհրաժեշտությունը:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում