ՀՀ ԱՆ Անպտղության հաղթահարման ծրագրի ֆինասնավորումը գրեթե երեք անգամ ավելացել է 

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակում արդեն ծնվել է 62 երեխա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը նշեց, որ այս թիվն ավելանալու է, որովհետև ոչ միայն ծրագրի շահառու հղիներ կան, այլև ժամանակ առ ժամանակ ընդլայնվում է նրանց շրջանակը:

«Համավարակով, պատերազմով պայմանավորված՝ արտամարմնային բեղմնավորման ընդհանուր գործընթացն ինչ-որ չափով ետ ընկավ: Բազմաթիվ արտամարմնային բեղմնավորումներ կատարվեցին, ստացվեցին սաղմիկներ, սակայն չեն տեղադրվել կնոջ արգանդի խոռոչում՝ պատճառը համավարակն է: 2020 թվականին եղել է 49 տեղադրում արգանդի խոռոչում, բայց 2021 թվականի առաջին ամիսներին արդեն 44 տեղադրում ունենք: Դա պայմանավորված էր տարեսկզբին կորոնավիրուսի որոշակի նահանջով»,- ասաց Նունե Փաշայանը: Նրա խոսքով, այս տարվա համար միայն այս ծրագրի շրջանակում նախատեսված է 917 մլն դրամ, ինչը գրեթե եռակի անգամ ավելին է 2020 թվականի համեմատ: Նախորդ տարի տրամադրվել էր 300 մլն դրամի ծառայություն:

Անպտղության հաղթահարման ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչ՝ անպտղության պատճառագիտության որոշում և բուժում, արհեստական սերմնավորում և արհեստական բեղմնավորում: 2019-ի վերջին մեկնարկած ծրագրի համար սահմանվեցին շահառուների մի շարք խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ ընդլայնվում են: Ծրագրից կարող են օգտվել զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ընտանեկան նպաստի համակարգից օգտվող անձինք, որոնք ունեն 28 և ավելի միավոր, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը կնոջ մոտ չի հանդիսանում հակացուցում հղիության համար: Շահառու կարող են լինել սահմանամերձ համայնքի բնակիչնեըը, որոնց շրջանակը ընթացքում ընդլայնվում է:

«Վերջին փոփոխությունը 2021 թվականի փետրվարին էր, ըստ որի, շահառուներ են հանդիսանում 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների ծողները: Ասեմ, որ այս խմբի վրա չի տարածվում ծրագրով նախատեսված ոչ մի սահմանափակում»,- ասաց նա: Շահառուները կարող են դիմել 5 կենտրոններից որևէ մեկը՝«Fertility center» պտղաբերության կենտրոն, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, «Շենգավիթ» ԲԿ, «Աստղիկ» ԲԿ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, օգտվել պատճառագիտության ախտորոշման, բուժման ծառայություններից: Անվճար է նախատեսված արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը, երկորրդ փորձն իրականացվում է 50 տոկոս զեղչով, Սերմնավորման վեց փորձը ևս անվճար է:

Նունե Փաշայանը նշեց, որ Հայաստանում պտղաբերության ցուցանիշի նվազում է նկատվում: Ներկայում այդ ցուցանիշը կազմում է 1.6, իսկ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է առնվազն 2.1 ցուցանիշ: Դրանով պայմանավորված՝ ծնելիության գործակիցը կրճատվել է 1.8 անգամ ՝ համեմատած 1990 թվականի հետ:

«Եթե դրան ավելացնենք անպտղության մակարդակը, որ վերջին տվյալներով կանանց մոտ գրանցվել է 14.9 տոկոս, տղամարդկային գործոնով պայմանավորված 9.5 տոկոս, ապա արդեն հասկանում ենք, որ կանգնած ենք լուրջ մարտահրավերի առջև»,- ասաց Նունե Փաշայանը:

«Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ անպտղության 14.9 տոկոս ցուցանիշն անհանգստացնող է:

«Սա բավական բարձր շեմ է համարվում, և կարելի է ասել դեմոգրաֆիկ աղետի առջև ենք կանգնած: Այստեղ շատ կարևորվում է վերարտարդողական բժշկության դերը, որի բարելավման, բացերը լրացնելու համար զգալի աշխատանք պետք է կատարել: Վերարտադրողական բժշկությունը մեզ մոտ քաոտիկ ձևով է զարգանում: Վերջերս բացվեց վերարտադրողական բժշկության ամբիոն, որի ղեկավարը ես եմ, և մենք հիմա փորձում ենք դիմպլոմավորել, վերապատրաստման ծրագրեր իրականացնել»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է անպտղությանը հանգեցնող պատճառներին, ապա մասնագետը նշեց, որ այդ տեսանկյունից Հայաստանում առանձնահատուկ միտումներ չկան: Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ տարածված են ձվարանի պոլիկիստոզային համախտանիշը, որոշ չափով նաև ինֆեկցիաները, հորմոնային խանգարումները:

«Եթե ժամանակին կարողանանք ախտորոշել և բուժել, ապա այսքան բարդություններ չենք ունենա: Վերջին տարիների ցուցանիշը ցույց է տալիս, որ մեզ մոտ արտամարմնային բեղմնավորման տոկոսը շատ բարձր է: Վերջին տվյալներով մոտ 40 տոկոսի սահմաններում է: Անպտղությանն ուղղված ծրագրերից բացի, կուզենայի կոչ անել նաև պտղաբեր զույգերին մտածեն երեխաներ ունենալու մասին, չսահմանափակվեն մեկով կամ երկուսով»,- հավելեց մասնագետը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում