Հասարակական

 Գյումրու Վերականգնողական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 42 շիրակցի

3 րոպեի ընթերցում

 Գյումրու Վերականգնողական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 42 շիրակցի

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած շիրակցի տղաներից շատերը վերականգնողական բուժում են ստանում Գյումրու Վերականգնողական կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը տարբեր վիրավորումներ ստացած 87 ծառայող արդեն ավարտել է վերականգնողական փուլը պետպատվերի շրջանակում, այս պահին բուժման մեջ է 42-ը: Գյումրու վերականգնողական կենտրոն դիմում են կենտրոնական հոսպիտալից հանձնաժողովի կողմից ուղեգրումով՝ եթե կա վերականգնման կարիք: Կենտրոնում իրակացվում է հիմնականում մկանուժը և ֆունկցիոնալ վերականգնմանը նպաստող կինեզոթերապիա, մկանուժը զարգացնող, զգացողությունները լավացնող տարաբնույթ ծառայություններ: Վերականգնողական կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային… Վերականգնողական բուժումներն էլ ըստ այդմ, մերսումներ են, վերջույթների, ողնաշարային ֆունկցիանալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնմանը նպաստող թերապևտիկ ու մարզասարքային վարժանքներ: Բուժառուներից շատերը մինչև վերականգնողական բուժմանն անցնելը մի քանի բարդ վիրահատություն են ունեցել:

«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորներին փառք ու պատվով ու առողջ արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրոդ կամ երրորդ փուլով են եկել, կամ պրոթեզավորումից հետո»,-«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ ասում է կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը՝ նշելով, որ կենտրոնում վերականգնողական բուժումն իրականացվում է փուլային եղանակով՝ նախապրոթեզավորման այնպես էլ պրոթեզավորումից հետո կամ էլ մինչև երկրոդ կամ երրրոդ վիրահատությունը: Առավել շատ են վերին և ստորին վերջույթների նյարդային զգացողության խանգարումներով, հրազենային, բազմաբեկորային դեպքերը, սակայն գրեթե բոլորի մոտ ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վերքերն ավելի խորն են:

«Անշուշտ, հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի, նաև նրանց ժպիտը վերադարձնենք»,- նշում է բժշկուհին՝ ընդգծելով, որ պայմանագրային ու ժամկետային ծառայության մեջ գտնվող տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում կրկին շարունակել ծառայությունը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում