Քաղաքականություն

Տեր-Պետրոսյանը ողջունել է հակասահմանադրական գործողությունների չգնալու զինվորականության զուսպ պահվածքը

2 րոպեի ընթերցում

Տեր-Պետրոսյանը ողջունել է հակասահմանադրական գործողությունների չգնալու զինվորականության զուսպ պահվածքը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունել է զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տեր-Պետրոսյանի «Արձանագրումներ պահի թելադրանքով» հոդվածը հրապարակել է Ilur.am-ը:

«Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու: Դրանով հանդերձ, ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ: Նման պահվածքը ես գնահատում եմ, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում և երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը»,- նշել է ՀՀ առաջին նախագահը:

Լևոն Տեր-Պետրոսյանը միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի է համարել որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով (Հարավային Կորեա, Եգիպտոս):

«Այդպիսի օրինակներ, անշուշտ, կան, բայց տասնապատիկ ավելի շատ են այն դեպքերը, երբ հեղաշրջումները, դառնալով պարբերական, բառիս բուն իմաստով հանգեցրել են պետականության ոչնչացման և ժողովուրդների տևական տառապանքների (Աֆղանստան, Սուդան, Նիկարագուա, Հաիթի, Դոմինիկյան Հանրապետություն, Լիբիա, Սոմալի, Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան և այլն)»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանը հավելել է, որ ողջ հայության պարտքն է՝ առաջնորդվել բացառապես այս գիտակցությամբ և անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չլրացնի հիշյալ պետությունների շարքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում