ՊՆ-ի շենքի մոտ բանակի վետերանները, նախկին ծառայողները բողոքի ակցիա են անցկացնում՝ աջակցելով ԳՇ պետին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվում՝ ի աջակցություն զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիային մասնակցում են բանակի վետերաններ, նախկին ծառայողներ, քաղաքացիներ: Մասնակիցները դեմ են Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու գործընթացին ու դրա հետ կապված հիմնավորումներին:

Նրանք պնդում են, որ պետք է բոլորը ջանքերն ուղղեն Հայոց բանակի ուժեղացմանը, որը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Մասնակիցներն ընդգծում են, որ Հայաստանում, թե Հայաստանից դուրս յուրաքանչյուր հայ պետք է մտածի հայկական բանակի հզորացման, ամրացման գործում ներդրում ունենալու հարցի շուրջ:

Բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսում են հանդես գալ ելույթներով, այնուհետև երթով միանալ կեսօրին Երևանի Բաղրամյան պողոտայում նախատեսված «Հայրենիքի փրկության» շարժման հանրահավաքին:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը: Այնուհետև փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերվանից ընդդիմության ներկայացուցիչներն անցկացնում են Բաղրամյան պողոտայում՝ այնտեղ տեղակայելով վրաններ:

Այդ ընթացքում ՀՀ նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Վարչապետը նշել էր էր, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է նախագահին: Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայերեն Français Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ'Իվուարին

Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի

Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի

Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կիպրոսը ExxonMobil-ի և QatarEnergy-ի հետ համաձայնագիր է ստորագրել գազի հանքավայրերի առևտրային զարգացման վերաբերյալ

Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին