Հասարակական

Առաջարկվում է 6 ամսով երկարաձգել կորոնավիրուսի ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը

2 րոպեի ընթերցում

Առաջարկվում է 6 ամսով երկարաձգել կորոնավիրուսի ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը նախատեսվում է երկարաձգել 6 ամսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու հարցը հավանություն ստացավ հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում:

«Հանձնաժողովը ձևավորվել է այն ժամանակահատվածում, երբ Ազգային ժողովը պատրաստվում էր գնալ հերթական արձակուրդ, այնուհետև պատերազմական իրավիճակում անհնար է եղել գործունեություն ծավալելը, և շատ աշխատանքներ մնացել են առկախված: Նաև մեր ամբողջական աշխատանքները վերջնականացնելու նպատակով քննիչ հանձնաժողովին անհրաժեշտ է լրացուցիչ 6 ամիս՝ այդ աշխատանքներն ամփոփելու համար»,- նշեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու հարցը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում