«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքն ավարտվեց երթով դեպի ՀՀ նախագահի նստավայր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ, դիմելով մասնակիցներին, նշեց, որ պայքարի ընթացքում առջևում շատ աշխատանք կա կատարելու:

«Այսօր ժողովուրդն է այստեղ: Ժողովուրդն է, որ պետք է վերականգնվի, նվաճի Արցախը, իր հզորությունը ցույց տա: Մենք ոչ միայն պետք է վերականգնենք նախկինը, մենք ավելի բարձր մակարդակի պետք է հասնենք: Պետք է վերածնվենք նոր մակարդակով՝ ձգտելով մեծ գաղափարների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վազգեն Մանուկյանը: Նա նշեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկությունը ՀՀ վարչապետը կրկին ուղարկել է ՀՀ նախագահին, ով եռօրյա ժամկետում որոշում պետք է կայացնի:

«Հետո հարցն անցնելու է Սահմանադրական դատարան: Մենք պետք է կանգնած լինենք, որպեսզի այս կառույցն ամուր ձևով պահպանի մեր ժողովրդի, մեր ազգի շահերը: Դա մեզնից է կախված»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ մեծ պատիվ է հանրահավաքին մասնակցելը, ժողովրդի կողքին գտնվելը:

«Մեր գերագույն հրամանատարը դուք եք, հարգելի հայրենակիցներ: Ուզում եմ շնորհավորել գարնանային առաջին օրը, կարծում եմ՝ այս ոգևորությունը թափ է տալու մեր գործի անիվին, որը բերելու է հաջողության: Մեր նպատակը մեկն է՝ ունենալ փորձառու կառավարություն, որն այս ճգնաժամից կհանի մեր երկիրը»,-ասաց Սեյրան Օհանյանն՝ ընդգծելով, որ շարունակելու են պահանջել ՀՀ վարչապետի հրաժարականը: Նա նշեց, որ հավաքվել են բանակին սատարելու, հայկական բանակին, որը փառապանծ ճանապարհ է անցել:

Շարժման համակարգող, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենց շարքերը գնալով համալրվում են: Նա տեղեկացրեց, որ շարունակելու են մնալ Բաղրամյան պողոտայում: Հանրահավաքը շարունակվեց երթով դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ աջակցություն հայտնելու Արմեն Սարգսյանին:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը: Այնուհետև փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերվանից ընդդիմության ներկայացուցիչներն անցկացնում են Բաղրամյան պողոտայում՝ այնտեղ տեղակայելով վրաններ:

Այդ ընթացքում ՀՀ նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Վարչապետը նշել էր էր, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է նախագահին:

Հայերեն

ԱԳ նախարարը աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

18 երկիր, 540-ից ավելի մարզիկ. Գյումրիում ընթանում է Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությունը

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում

Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ

Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում ընթացող առաջնությունը

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային