«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից պուրակում «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները ծաղիկներ խոնարհեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ, առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավհոգեհանգստյան կարգ, որից հետո կուսակցության անդամները երթով շարժվեցին դեpի Ալ. Մյասնիկյանի հուշարձան:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի խոսքով` 13 տարի առաջ տեղի ունեցածը մարտահրավեր էր Հայաստանի ժողովրդավարությանը, պետականությանը և ժողովրդի իշխանությանը:
«Շատ տարօրինակ օր է` այսօր նույն մարտահրավերի առաջ ենք, և այսօր մարտի 1-ը լրիվ նոր իմաստ և նշանակություն է ստանում հենց այս գիտակցմամբ: Նոր մարտահրավերների լույսի ներքո ունենք մի իրավիճակ, երբ թիրախը կրկին ժողորվդի իշխանությունն է, ժողովրվդի կամքը, ժողովրդավարությունը և մեր երկրի պետականությունն ու ինքնիշխանությունը:
Այստեղ չափազանց կարևոր է, թե որքան պատասխանատու են հանրությունը իր ամբողջության մեջ և առանձին ինստիտուտները: Դրանից է կախված ելքը ստեղծված իրավիճակից, ինչպես դրանից կախված եղավ 2008 թվականին հայտնի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, երբ ժողովուրդը մեն մենակ մնաց իր պատասխանատվության հետ, պետության և պետականության առաջ իր պատասխանատվության հետ և միայնակ երկիրը դուրս բերեց այդ իրավիճակից»,- ասաց Բաբաջանյանը:
Պատգամավորի կարծիքով` այսօր էլ ամբողջ բեռը և պատասխանատվությունը մնում է հայ ժողովրդի վրա և, իհարկե, հաշվի առնելով նաև պատերազմից հետո ստեղծված իրողությունները, հասկանալի է նաև, որ այդ ողբերգության և դժբախտության վրա քրեական տարրը` նախկինների այդ ամբողջ խումբը փորձում է վերարտադրվել, վերակենդադանալ: Ըստ Բաբաջանյանի` կրկին հայ ժողովրդի հասունությունից և իմաստությունից է կախված` դա նրանց կհաջովի, թե ոչ:
«Ես առավել քան հավատացած եմ, որ մարդիկ խորապես հավատում ու գիտակցում են Մարտի 1-ի նշանակությանը, երբ առաջին անգամ փաստացի պատերազմի մեջ գտնվող բանակը ներքաշվեց քաղաքական գործընթացների մեջ, և այստեղ Երևանի փողոցներում արյուն հոսեց, որի թիրախը ժողովուրդի կամքն էր և ժողովրդի իշխանությունը: Այս գիտակցմամբ, կարծում եմ, որ մեր բոլորի պարտքն է, որ, որևէ կերպ չնսեմացնելով Մարտի 1-ի նշանակությունը, այսօր կանգնենք մեր պետության թիկունքին` ինքնիշխանության պատշպանության, ժողովրդավարության և սահմանադրականության պաշտպանության գործին»,- եզրափակեց Բաբաջանյանը:
2008 թվականի մարտի1-ի լույս 2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի կենտրոնում տեղի ունեցան զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ: Իրադարձությունների հետևանքով զոհվեցին 10 (8 քաղաքացիական անձինք, 2 ոստիկան) և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով:
՝