Նիդերլանդների խորհրդարանը հայանպաստ բանաձևեր է ընդունել. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հերթը կառավարությանն է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանը փետրվարի 25-ին երկու հայանպաստ որոշում է կայացրել. ընդունվել է Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևը, որը Նիդերլանդների կառավարությունից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հավանության է արժանացել Մարտին վան Հելֆերտի բանաձևը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը՝ ընդգծելով, որ հոլանդահայերը ողջունում են Նիդերլանդների խորհրդարանի կողմից երկու բանաձևերի ընդունումը և շնորհակալություն հայտնում նման հստակ դիրքորոշման համար: «Բանաձևերն ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ։ Միայն թուրքամետ DENK խմբակցությունը (3 պատգամավոր) դեմ քվեարկեց։ Ջոել Ֆորդեվինդը պահանջեց, որ կառավարությունը հայտնի, թե ինչպես է կիրառելու այս մեծամասնության կողմից ընդունված բանաձևի դրույթները»,-նշեց Հախվերդյանը։

Պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևում հստակորեն կոչ է արվում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Պատգամավորների լայն աջակցությունը բանաձևին ցույց է տալիս, որ Նիդերլանդների խորհրդարանում բավական երկար ժամանակ տիրում էր մեծ դժգոհություն Հայոց ցեղասպանության հետ կապված իրար հաջորդող կառավարությունների վերաբերմունքից։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Ապրիլի 24-ի հանձնախումբը և համայն հոլանդահայությունը երախտապարտ են Ջոել Ֆորդևինդին և խորհրդարանի բազմաթիվ այլ անդամներին, որոնք երկար տարիներ ջանք չեն խնայել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը։ Նրանցից շատերը ցուցաբերել են անմնացորդ նվիրվածություն և սատարել են մեզ` ներկա գտնվելով Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին, ինչպես օրինակ Հաագա քաղաքում կայացած Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման համերգին։ FAON-ը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ այս հարցում։ FAON-ը նաև շնորհակալություն է հայտնում Ապրիլի 24-ի հանձնախմբին սատարող կոմիտեի անդամներին տարիներ շարունակ մեզ ցուցաբերած աջակցության համար։ Ֆորդևինդի և այլոց բանաձևի պատգամը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հստակ լեզվով խոսել իրերի մասին, որպեսզի ապագայում կարելի լինի լուծում գտնել կնճռոտ խնդիրների համար։

FAON-ը համարում է, որ այս գաղափարը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, քանի որ հենց Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ»,-նշում է FAON-ը՝ հույս հայտնելով, որ կառավարությունը չի անտեսի խորհրդարանի այս շատ հստակ հայտարարությունը և կիրականացնի այն։

Խորհրդարանը, դեռ 2004թ. միաձայն ընդունելով Ռաուֆուտի բանաձևը, ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։ Այդ բանաձևը դիմելով կառավարությանը նշում է. «Թուրքիայի հետ երկկողմ կամ Եվրամիության շրջանակներում երկխոսության ժամանակ կառավարությունը պետք է հստակորեն և շարունակաբար քննարկման առարկա դարձնի Հայոց ցեղասպանության ճանաչումը»։ Հետագայում կրկին՝ 2015, 2018 թվականներին, խորհրդարանը հստակորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Նոր բանաձևով խորհրդարանը հայտնում է, որ այլևս չի կարող համաձայնվել կառավարության ներկայիս մոտեցման հետ։

«Հայոց ցեղասպանության ժամանակ այլ քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, արամեացիները և պոնտացի հույները, նույնպես զանգվածային ջարդերի զոհ են դարձել։ Նրանց համար էլ ցավալի է, երբ Նիդերլանդների կառավարությունը լիարժեք չի ճանաչում ցեղասպանությունը»,-նշում են Հոլանդահայերի կազմակերպությունների ֆեդերացիայից։

Հայերեն العربية English Русский

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ