Քաղաքականություն

Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման երթը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման երթը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի) մեկնարկել է ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» երթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երթն կընթանա Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով:Ըստ նախապես հայտարարվածի՝ երթի մասնակիցները կհասնեն Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա անհնազանդության ակցիա:

«Հայրենիքի փրկության շարժում» մեջ ընդգրկված կուսակցությունները, միացած քաղաքացիները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: « Եվ մենք միասին՝ մեր ժողովրդի աջակցությամբ հասնելու ենք դրան: Այս ամենի պատասխանատուն ինքն է՝ իբրև պետության ղեկավար: Մենք շարունակելու ենք մեր անհնազանդության խաղաղ բողոքի ակցիաները»,-ասաց նա:

Սաղաթելյանը, խոսելով շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարած Ա և Բ պլանների մասին, նշեց, որ դրանցից հետո մեկ պլան ևս կա: Նա վստահեցրեց, որ գնում են սահմանադրական ճանապարհով:

Նախաձեռնությունը Երևանի Ազատության հրապարակում փետրվարի 20-ին հանրահավաք էր կազմակերպել: «Հայրենիքի փրկության շարժման » վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը , խոսելով առաջիկա անելիքներից, մասնավորապես նշել էր, որ անհրաժեշտ է կազմակերպել գործադուլներ, ցույցեր, ավտոմեքենաների շարասյուներով շրջել Հայաստանում, ոտքի հանել մարդկանց: Մանուկյանը խոսել էր նաև պլան Բ-ի մասին՝ շեշտելով, որ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Նա հավելել էր սակայն, որ գնալու են Ա ճանապարհով՝ պատրաստ լինելով Բ ճանապարհին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում