Իրավունք

Դատարաններ ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը կփոփոփվեն

2 րոպեի ընթերցում

Դատարաններ ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը կփոփոփվեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ կմտնի կառավարության ներկայացրած օրենքի նախագիծ, որով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար սահմանվում են պետական տուրքի այլ դրույքաչափեր:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Նա նախ նշեց, որ «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված որոշ տուրքեր 1999-ից ի վեր որևէ փոփոխության չեն ենթարկվել, մինչդեռ ՀՀ-ում այդ ընթացքում սոցիալ-տնտեսական բազմաթիվ գործոններ են փոխվել: Ըստ նրա՝ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պետական տուրքը այլ երկրներում ՀՀ-ի համեմատ բավականին բարձր է: «Ըստ այդմ, առաջարկվել է որոշակի փոփոխություններ անել: Առաջին ատյանի դատարան դրամական պահանջով դիմելու դեպքում 2 տոկոս հայցագինը դարձվել է 3 տոկոս, միաժամանակ սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Գործող օրենքով նման սահմանափակում չկա, ինչը խնդրահարույց է»,- ասաց Դանիելյանը:

Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու համար որպես առավելագույն չափ սահմանվել է 15 մլն դրամի դրույքաչափ, Վճռաբեկ դատարան՝ 10 մլն դրամ: Այսինքն՝ անկախ տոկոսից, այդ գումարները չեն կարող գերազանցել: Սահմանվել են պետական տուրքի առավելագույն, նվազագույն չափերը՝ նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի համար:

Փոխնախարարի խոսքով՝ տարանջատվել են քաղաքացիական, վարչական, սնանկության վարույթներով դրույքի չափերը:Սահմանվել են նաև պետական տուրքի վերադարձման լրացուցիչ դեպքեր:

Նախագիծը նպատակ ունի նաև կանխել անհիմն հայցադիմումների ներկայացումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում