Հասարակական

Ազգային փոքրամասնությունների օրը նշել հոկտեմբերի առաջին կիրակի օրը. նախագիծը փոփոխվել է

2 րոպեի ընթերցում

Ազգային փոքրամասնությունների օրը նշել հոկտեմբերի առաջին կիրակի օրը. նախագիծը փոփոխվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկեց իր հեղինակած և առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում փոփոխություն անել և Ազգային փոքրամասնությունների օրը նշել ոչ թե սեպտեմբերի վերջին շաբաթ, այլ հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը՝ առաջարկված փոփոխությամբ հավանություն ստացավ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Առաջին ընթերցմամբ ընդունված իմ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություն եմ ներկայացրել, որ Ազգային փոքրամասնությունների օրը սեպտեմբերի վերջին շաբաթ օրվա փոխարեն նշել հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Հիմնավորումը հետևյալն է՝ նախագիծը մինչև Արցախյան պատերազմի սկսվելն էր դրվել շրջանառության մեջ, հետևաբար պատերազմից հետո չենք կարող թողնել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, քանի որ 7 տարին մեկ այդ օրը լինելու է սեպտեմբերի 27-ին: Մեզ համար սեպտեմբերի 27-ն ուղղակի չի կարող նշվել որպես տոն»,- ասաց Բաքոյանը:

Նա նշեց, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ քննարկել են օրը տեղափոխելու հարցը, եկել այն եզրահանգման, որ հոկտեմբերի առաջին կիրակին ընդունելի է գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունների համար: Այսպիսով, նախագծով սահմանվում է, որ Հայաստանում հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի որպես Ազգային փոքրամասնությունների օր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում