Հասարակական

Առողջության պուրակ, լայն իրազեկում. «Եվրոպա Դոննա Արմենիա»-ի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված ծրագրերը

3 րոպեի ընթերցում

Առողջության պուրակ, լայն իրազեկում. «Եվրոպա Դոննա Արմենիա»-ի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպա Դոննա Արմենիա» հասարակական կազմակերպությունն ընթացիկ տարում նախատեսում է իրազեկման մի շարք ծրագրեր՝ ուղղված կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Եվրոպա Դոննա Արմենիա» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանը նշեց, որ համավարակով պայմանավորված՝ կանխարգելմանն ուղղված աշխատանքները 2020 թվականին, ընդհանուր առմամբ, երկրում ետ ընկան:

«Համավարակն ընդհանուր լուրջ ազդեցություն թողեց առողջապահական համակարգի վրա, ինչն էլ իր հերթին ազդեցությունն ունեցավ քաղցկեղի կանխարգելմանն ուղղված գործընթացների վրա: Շատ շատերը կանխարգելման նպատակով չէին այցելում բուժհաստատություն: Այն դեպքում, երբ կարող էին այցելել ստուգման ու վաղ հայտնաբերել, հետազոտվել: Շատերը պարզապես չէին գնում հիվանդանոց: Հատկապես 2020 թվականի առաջին կեսին էր դա սուր նկատվում, մարդիկ վախենում էին կորոնավիրուսով վարակվելուց»,- ասաց Նվարդ Քոչարյանը:

Դրա համար այս տարի կազմակերպությունը նախատեսում է իրազեկման, կանխարգելման հարցում առավել ակտիվ լինել: Նա ընդգծեց, որ քաղցկեղի վաղ հայտնաբերումն առաջնային է, հետևաբար ցանկալի է, որ քաղաքացիներն իրազեկ, ուշադիր ու բծախնդիր լինեն սեփական առողջության նկատմամբ: Արդեն հրատարակվել է «Քաղցկեղածին ազդակների ռիսկի նվազեցում» տեղեկատվական գրքույկը, որը բաժանվելու է տարբեր հանդիպումներում: Տարվա առաջին կեսն աշխատանքներ են իրկանացվելու Երևանում: Առաջիկայում նախատեսվում է իրազեկման ծրագրերով այցելություն մայրաքաղաքի դպրոցներ: Ուսուցչուհիներին հետազոտվելու, խորհրդակցություն ստանալու հնարավորություն կտրվի: Այդ հարցում կազմակերպությունը համագործակցում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ:

Հունիսի առաջին կեսին նախատեսվում է Հայաստանում անցկացնել միջազգային մեծ կոնֆերանս, որի շրջանակում ոչ միայն կլինի բժիշկների հանդիպում, փորձի փոխանակում, այլև տեղում բազմաթիվ բուժառուներ արտերկրյա մանագետների կողմից հետազոտվելու հանարավորություն կունենան: Կազմակերպությունը սոցիալական ծրագիր է իրականացնելու, որի շրջանակում կվաճառվեն բուժառուների ձեռքի աշխատանքները, և ստացված հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդներին: Վաճառվող իրերի հետ կտրվեն տեղեկատվական գրքույկներ: Այս տարվա մարտին Բուսաբանական այգում կբացվի Առողջության պուրակը: Առանցքում լինելու են քաղցկեղը հաղթահարած մարդիկ, որոնք կոչով դիմելու են հանրությանը՝ կապված առողջ ապրելակերպի, ժամանակին հետազոտվելու, կանխարգելման հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում