Մոտ ապագայում գուցե այստեղ չգտնվեմ. Սուրեն Էյրամջյանն իր առողջական խնդիրների մասին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն առողջական խնդիրների պատճառով առաջիկա օրերին կարող է բացակայել ավագանու նիստերից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էյրամջյանը նշեց Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի արտահերթ նիստում:
«Ոչ ոքիդ համար գաղտնիք չէ, որ ունեմ առողջական խնդիրներ, որով պայմանավորված՝ տևական շրջան, 2019-ին մի ամբողջ նստաշրջան ավագանու նիստերից ստիպված էի բացակայել: Այժմ, որոշակի գործընթացներից ելնելով, կրկին որոշ ժամանակ ստիպված եմ լինել պասիվ: Մոտ ապագայում գուցե այլևս այստեղ չգտնվեմ: Սա պրոցեսի հարց է, խնդրում եմ ճիշտ հասկանալ: Նաև ուզում եմ ներողություն խնդրել մեր ընտրողներից, եթե ստիպված լինեմ ճանապարհի կեսից լքել իմ դերակատարումը: Նորղություն եմ խնդրում կիսատ թողած գործերի համար, շնորհակալություն հայտնում առաջին հերթին քաղաքապետին, մեր խմբակցությանը, մյուս խմակցության անդամներին, նաև աշխատակազմին: Հստակ չեմ կարող ասել, թե երբ դա տեղի կունենա, բայց մոտակա նիստերին ես կրկին բացակա կլինեմ»,- նշեց Էյրամջյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առողջություն մաղթեց նրան:
«Աստված առողջություն տա ձեզ, մեր ազգին: Դուք միշտ փորձել եք առավելագույնը անել մեր քաղաքի համար: Ձեզ առողջություն, գրկում եմ ձեզ»,- նշեց Մարությանը: