Հասարակական

Անահիտ Ավանեսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկվել է համագործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանն ԱՄՆ դեսպանի հետ  քննարկվել է համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել նրանց` ամուր և երկարատև գործակցության համար: Նա նշել է, որ 2020 թվականը մարտահրավերներով լի տարի է եղել առողջապահական համակարգի համար: Մի կողմից կորոնավիրուսային համավարակի պայմաններում ծանրաբեռնված աշխատանքը, մյուս կողմից` արցախյան պատերազմը. «Չնայած լուրջ մարտահրավերներին` առողջապահական համակարգը կարողացել է հաղթահարել իր առջև դրված բոլոր խնդիրները»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

ԱՄՆ դեսպանը ևս գնահատել է երկրների միջև սերտ համագործակցությունը, այնուհետև հետաքրքրվել Հայաստանի առողջապահական համակարգի ներկա վիճակի և կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի ձեռքբերման մասին, ինչպես նաև մանրամասներ խնդրել նախարարից` հասկանալու հնարավոր աջակցության ուղղությունները:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է դեսպանին հետաքրքրող հարցերի մանրամասները և հավելել. «Հայաստանի Հանրապետությունն այժմ բանակցություններ է վարում պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ: Մենք բաց ենք բոլոր քննարկումների համար, դիտարկում ենք մեր երկրի համար հարմար և անվտանգ տարբերակները»:

Հաշվի առնելով հանրապետությունում COVID-19-ի կայուն և վերահսկելի դրությունը` նախարարը նշել է, որ այժմ համակարգը քիչ թե շատ շնչում է ու հնարավորություն ունի կենտրոնանալու մյուս` ոչ պակաս կարևոր ճյուղերի վրա:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահական համակարգի կարևոր ուղղություններից է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը: Չնայած համավարակին` անցյալ տարի մայրական, մանկական մահացության ցուցանիշների նվազում է գրանցվել:

Հանդիպման ավարտին Լին Թրեյսին ասել է, որ համագործակցությունը շարունակական կլինի: Դեյվիդ Հոֆմանն էլ իր հերթին ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ծրագիրը, որը միտված է Հայաստանի առողջապահության քաղաքականության զարգացմանն ու բարելավմանը: Այն հնարավորություն կտա ապագայում դիմակայելու նոր համավարակներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում