ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք հանդիպում են պահանջում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
«Մենք եկել ենք, ուզում ենք տեսնել Օնիկ Գասպարյանին»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայր Կարինե Ղազարյանը՝ նշելով, որ որդու հետ վերջին անգամ հեռախոսով զրուցել է հոկտեմբերի 14-ին ու մինչ օրս նրանից լուր չունի:
Անհետ կորած զինծառայողների հարազատները նախարարության վարչական շենքի դիմաց ակցիա էին անցկացնում նաև փետրվարի 6-ին՝ հանդիպում պահանջելով Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: