ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 3-ին Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացնում` խորհրդարանի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի խոսքով` երկրի առաջ ծառացած են շատ ավելի օրհասական խնդիրներ, սակայն Ազգային ժողովը որոշել է արտահերթ նիստով քննարկել «կալանքի» դատարաններ ստեղծելու մասին օրինագիծը: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Այնուհետև ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան: Ներկայումս իրավապահները միջոցներ են ձեռնարկում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ:
«Արմենպրես»-ը փորձում է ոստիկանությունից ճշտել՝ կան արդյոք բերման ենթարկվածներ, քանի որ հասարակական կարգի վերականգնմանը, մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտները վերացնելուն ընդդիմացողները իրավապահների կողմից տեղափոխվում են կայանած ոստիկանական մեքենաներ:
Ակցիայի մասնակիցները որոշեցին երթով շարժվել դեպի Հանրապետության հրապարակ:
Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է մի շարք օրինագծեր, մասնավորապես՝ «ՀՀ Դատական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ու դրան հարակից օրինագծերի փաթեթը, որի համաձայն՝ պետք է ստեղծվեն հատուկ դատարաններ՝ նախադատական վարույթի վերահսկողության ու կոռուպցիոն հանցագործությունները քննելու համար։